«Մուրադը կատաղե՞լ ա». ինչո՞ւ է Կառավարության ՏՏ վարչության կեսն ազատվել աշխատանքից

Պարզվում է՝ ՀՀ Կառավարությունը վերջին մեկ ամսում միանգամից հինգ աշխատակցի է ազատել աշխատանքից, որոնք պատասխանատու են շենքում համակարգիչների և նմանատիպ սարքավորումների անխափան աշխատանքի համար:
Պարզվում է՝ կադրային այս արտահոսքը ՏՏ վարչությունից բոլորովին էլ պատահականություն չէ, այլ Նիկոլ Փաշինյանի՝ էմոցիոնալ վիճակում որոշումներ կայացնելու հետևանք:
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը երեկոյան, աշխատանքային ժամից դուրս, փորձել է ինչ-որ փաստաթուղթ տպել, բայց նրա փորձերը տապալվել են: Այս հանգամանքը հուներից հանել է Փաշինյանին, մեզ ասացին՝ այն աստիճան, որ սարքը հայտնվել է հատակին, իսկ բաժնի աշխատակիցների ճակատագիրն էլ հենց այդ պահին որոշվել է:
Մեզ փոխանցեցին, որ, բնականաբար, որևէ մեկը նույնիսկ փորձ չի արել բացատրել, որ տեխնիկա է, կարող է և խնդիր ունենալ, ու քանի որ ժամը աշխատանքային չէ, աշխատակիցները տեղում չեն:
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանն այնքան նյարդային է եղել, որ մի ամբողջ բաժին, փաստացի, մի վայրկյանում գլխատվել է, Կառավարության շենքն էլ մնացել առանց համակարգիչներն ու հարակից սարքավորումները սպասարկողների:
Մեր ունեցած տեղեկությունը ճշտելու համար MediaHub-ը դիմեց Կառավարություն:
Մասնավորապես, հարցում էինք ուղարկել, հետաքրքրվելով, թե արդյո՞ք ճիշտ են մեր ունեցած տեղեկությունները, որ Կառավարության ՏՏ վարչության բոլոր աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ կա՛մ իրենց դիմումի համաձայն, կա՛մ հեռացվել են:
Կառավարությունից մեր ունեցած տեղեկությունները չհերքեցին, այլ հաստատեցին: Ահա պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժնում սահմանված է 10 հաստիքային միավոր: Վերջին մեկ ամսվա ընթացքում նշված բաժնի 5 աշխատողներ տարբեր ամսաթվերի ազատվել են զբաղեցրած պաշտոնից՝ իրենց դիմումի համաձայն, և 1 աշխատող ընդունվել է աշխատանքի»:
Բնականաբար, Կառավարությունից պատճառները, թե ինչո՞ւ են նրանք ազատվել աշխատանքից, չեն մանրամասնել։