Ամեն օր նույն հարցը տալիս է մի քանի անգամ՝ «ո՞ւր ա պապան, ե՞րբ ա գալու, ինչո՞ւ է ուշանում»

Ամեն օր նույն հարցը տալիս է մի քանի անգամ՝ «ո՞ւր ա պապան, ե՞րբ ա գալու, ինչո՞ւ է ուշանում»

«Սեպտեմբերի 19-ին ես զբաղված էի իմ երեխաներով ու տան գործերով։ Ամուսինս անտառում էր, այդ օրը ազատ օրն էր, գնացել էր փայտի, ձմռանն էինք պատրաստվում։ Գիտեինք, որ ծանր ձմեռ է սպասվում։ Հենց Գեղամը եկավ, կռիվը սկսվեց։ Սկզբից 1, 2, 3 ու այդպես շարունակ լսվում էին պայթյունների ձայները։ Գեղամը մեզ ուղեկցեց «պադվալ», ինքը գնաց փրկարարների մոտ, իր ծառայության վայր»...

Վերանիկա Գասպարյանը տեղահանվել է Արցախի Սարուշենից, բնակություն հաստատել Օշականում։

Ամենաթանկ բանը, որ բերել է Արցախից, հիշողություններն են՝ կապված երջանիկ օրերի հետ, որ այդպես էլ հետ չի բերի։ Վերանիկան այս պատերազմում կորցրեց ամենաթանկը՝ սիրելի ամուսնուն, ում հետ ապրեց ընդամենը 7 տարի։

«Հոգատար, ուշադիր ամուսին էր։ Մենք 2 տղա ունենք։ Փոքրս ծնվեց բլոկադայի ժամանակ։ Ծննդատնից դուրս գրելու համար նույնիսկ ծաղիկ չէր գտել, փուչիկներով է պատվիրել։ Անկախ դժվարություններին՝ երջանիկ ընտանիք էինք։ Ո՞վ կմտածեր, որ 9 ամիս շրջափակման մեջ պայքարելուց հետո մեզ սպասվում է նաև պատերազմ, զոհեր ու կորուստներ և ամենացավալին՝ գաղթը»,- վշտանում է MediaHub-ի զրուցակիցը։ 

Նրա ամուսինը՝ 30-ամյա Գեղամ Ղազարյանը, 2020 թվականի պատերազմից հետո է համալրել Սարուշենի փրկարար ջոկի շարքերը, մինչ այդ դարձյալ համակարգի ծառայող էր։ «44-օրյա»-ից հետո, երբ Սարուշենն ու մյուս բնակավայրերն առաջնագիծ են դարձել, փրկարար ծառայողներն իրենց առաքելությունն իրականացնում էին ուժեղացված ռեժիմով։ Պատերազմի առաջին րոպեներին Գեղամը շտապել է աշխատավայր։ 

«Դրանից հետո արդեն չեմ իմացել որտեղ է գնացել, գյուղի տարածքո՞ւմ է, թե առաջնագծում, մի խոսքով՝ մի սարսափելի իրավիճակ։ Հետո, երբ իրավիճակն անկառավարելի է դարձել, այսինքն ադրբեջանական զորքերի մոտ առաջխաղացում է եղել, եկան ասացին գյուղը տարհանվում է, բոլորդ գնացեք «ստադիոնի» տարածք։ Գնացինք, ամբողջ գյուղը երեխաներին գրկած դուրս էր եկել, այդտեղ ասացին, որ պետք է ոտքով առաջ գնանք։ Արդեն մութ էր, ես ինձ հետ վերցրել եմ միայն Գեղամի «ֆանարիկը», մտածելով, որ ճանապարհին պետք կգա։ Անտառով հասել ենք մինչև Մսմնա գյուղ։ Այդ ընթացքում մեր ու հարևան գյուղերի տղամարդիկ ուժեղ մարտեր են վարել։ Մի քանի ժամ մնացինք այնտեղ։ Ես անընդհատ հարցնում էի Գեղամից, ոչ ոք հստակ ոչինչ չէր ասում, հիմնականում ասում էին՝ մենք տարբեր դիրքերում ենք, հետո բոլորը նորից բարձրանում են դիրքեր։ Դա իմ կյանքի ամենացավոտ, միաժամանակ ամենաանորոշ գիշերն էր»,- հիշում է երիտասարդ կինը։ 

Համայնքի ղեկավարն իջել է դիրքերից ու գիշերն անվնաս գյուղի բնակչությանը Մսմնայից ուղեկցել Իվանյան՝ ռուս խաղաղապահների կենտրոնակակայան։ 

Սեպտեմբերի 20-ին Վերանիկային լուրեր են հասել, որ գյուղի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում է ստացել Գեղամը։ Նրան փորձել են օգնել ընկերները, որ տարհանեն, բայց 2 հոգի ևս հայտնվել են կրակահերթի տակ։ 

«Չգիտեմ՝ քանի ժամ է մնացել, բայց իր հետ մարտական ուղի անցած տղաներն ասել են, որ վիրավորվել է և՛ ոտքերից, և՛ ձեռքից ու վիճակը շատ վատ էր։ Մենք այդպես էլ գյուղ չվերադարձանք։ Սեպտեմբերի 23-ին դիրքերից իջեցրել են նաև Գեղամի դին ու տեղափոխել Հայաստան»,- ասում է մեր զրուցակիցը:

Գեղամ Ղազարյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ 

Վերանիկան 2 անչափահաս երեխաների ու ամուսնու ծնողների հետ ապրում են Օշականում։ Գեղամի հայրը արցախյան առաջին ազատամարտի վետերան է՝ 2-րդ կարգի հաշմանդամ։ Վերանիկայի խոսքով՝ ընտանիքի սոցիալական հարցերին լուծում գտնելն ավելի հեշտ է, քան 5-ամյա որդու հարցերին պատասխանելը, որ ամեն օր հարցնում է հորից։ Ամեն օր նույն հարցը տալիս է մի քանի անգամ՝ ո՞ւր ա պապան, ե՞րբ ա գալու, ինչո՞ւ է ուշանում։

«Շատ մեծ չէ, որ ճիշտը ասեմ հասկանա, փոքր էլ չէ, որ թեթև տանի, վատ տարիք է, չգիտեմ ինչպես կարձագանքի ճշմարտությունը լսելիս։ Ամեն անգամ մի բան եմ հորինում, երևի մեծանալով կհասկանա»,- ասում է  նա։ 

Ինչպես բոլորի, գաղթի ճանապարհը նույնքան դժվար է անցել նաև Վերանիկայի ընտանիքի համար։ «Չէի վախենում, որովհետև ամենավատ բանն արդեն եղել էր իմ ընտանիքի հետ։ Անընդհատ փորձում էի զբաղեցնել երեխաներիս ու առաջ էի գալիս այդ օրերին ինձ համար անորոշ ճանապարհով»,- եզրափակում է մեր զրուցակիցը։ 

Գեղամ Ղազարյանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Եղել է շտապ օգնության մեքենայի վարորդը։ Նրա հետ ճանապարհ անցած բժիշկներն ասել են, որ Գեղամի շնորհիվ տասնյակ կյանքեր են փրկվել։

Հունան Թադևոսյան