Ընդդիմության ձախողումը բխում է ՔՊ-ի և Ադրբեջանի շահերից

«Ընդդիմության շարժման ևս մեկ տապալումը խորհրդարանական ընտրություններից հետո կրկին վերահաստատեց, որ մեր քաղաքացիները աջակցում են խաղաղության օրակարգին»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ՔՊ-ականները կրկին ՀՀ քաղաքացիներին մատուցում են կեղծ խաղաղության օրակարգ՝ Իլհամ Ալիևը խոսում է Սյունիքի նկատմամբ Բաքվի նկրտումների մասին՝ նշելով, որ ղարաբաղյան հարց գոյություն չունի՝ դրան զուգահեռ միլիարդավոր դոլարների արդի զենքեր է գնում:
Ինչ են անում ՔՊ-ականները՝ բանակը վստահում են Սուրեն Պապիկյանին, ով մասնագիտությամբ ուսուցիչ է և ոչ թե մարտական գեներալ և չի ավարտել ռազմական ակադեմիաներ՝ դրան զուգահեռ ՔՊ-ն թիրախավորում է ազգային, պետական շահերով առաջնորդվող և Արցախի ապագայով մտահոգ ընդդիմությանը:
Ընդդիմության շարժումը չի տապալվել՝ շուտով տապալվելու է ՔՊ-ականների իշխանությունը: ՔՊ-ն ու Բաքվի քարոզչամեքենան, իրար հերթ չտալով, թիրախավորում են ընդդիմության պայքարը՝ դա արդեն խոսում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ճանապարհի վրա է:
Այսօր Արցախի և ՀՀ սուվերեն տարածքի պաշտպանության խրամատում է ընդդիմությունը՝ ՔՊ-ն կեղծ խաղաղասիրական քարոզչություն է տանում մի տարածաշրջանում, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ոչնչացնել հայոց պետականությունն ու ստեղծել Մեծ Թուրան: ՔՊ-ականները հավանաբար տեղյակ չեն Մեծ Թուրանի ծրագրի մասին, քանի որ նրանք ֆեյսբուքյան ստատուսներ գրելուց և պարգևավճար ստանալուց բացի այլ զբաղմունք չունեն:
Ընդդիմության շարժումը ոչ թե կուսակցական պայքար է, այլ համազգային պայքար Արցախի փրկության նպատակով: Արթուր Հովհաննիսյանն ու ՔՊ-ական թիմը պետք է գիտակցեն, որ ընդդիմության պայքարի ձախողումը ձեռնտու է Բաքվին և Անկարային՝ ՀՀ-ում պետականամետ, պահանջատեր ուժերի «փոշիացումը» բխում է նրանց շահերից:
Վահրամ Բագրատյան