Ինչո՞ւ է լռում իշխանությունը

Ինչո՞ւ է լռում իշխանությունը

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի արգելափակած Լաչինի միջանցքի անմիջապես և առանց նախապայմանների բացման հարցում միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսը», - Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարը:

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի», - պնդում է Արարատ Միրզոյանը:

Այս դեպքում, Միրզոյանի հետ միանգամայն համաձայն ենք. իսկապես, ՄԱԿ ԱԽ մշտական բոլոր անդամները, մի փոքր տարբերվող հռետորաբանությամբ, կողմ արտահայտվեցին Լաչինի միջանցքի բացմանը:

Շատ քիչ է պատահում, հատկապես՝ ուկրաինական պատերազմից հետո, որ ՄԱԿ ԱԽ-ում լիակատար կոնսենսուս ձևակերպվի:

Հայաստանի նախաձեռնած նիստի ընթացքում դա տեղի ունեցավ, բայց պաշտոնական Երևանի ապիկար քաղաքականության հետևանքով՝ այդ հնարավորությունից մենք օգտվել ու դիվանագիտական դիվիդենտներ շահելու հնարավորություններ չունեցանք:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի «Կանոնակարգի միջանկյալ դրույթների» VI գլխի 38 դրույթի համաձայն, ՄԱԿ-ի ցանկացած անդամ, որ հրավիրվել է ԱԽ նիստին մասնակցելու ՄԱԿ-ի խարտիայի 32 հոդվածի համապատասխան (այսինքն, անդամ պետություն է, որը քննարկվող վեճի կողմ է), կարող է ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ, որը կարող է քննարկման դրվել Անվտանգության խորհրդի անդամ պետության կողմից:

ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կոնսենսուսի պայմաններում Հայաստանը, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջոցով, կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձևի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական և իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը միջազգային իրավունքի տեսակետից ամենածանրակշիռ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր են:

Հիմա լեգիտիմ հարցադրում կարող ենք անել, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն օգտվել նման պատեհությունից: Թե՞ իշխանություններին հետաքրքրում էր միայն քաղաքական գնահատականը...

 

Վահրամ Բագրատյան