Չկասկածեք` Փաշինյանի ստեղծած հանձնաժողովից Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է․ Ադիբեկյանը՝ սահմանազատման հանձնաժողովի մասին

Չկասկածեք` Փաշինյանի ստեղծած հանձնաժողովից Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է․ Ադիբեկյանը՝ սահմանազատման հանձնաժողովի մասին

Տպավորություն է՝ Փաշինյանը հատուկ է հանձնաժողովը լցրել ոչ կոմպետենտ մարդկանցով, որ մաքսիմալ վնաս պատճառի մեր հայրենիքին։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով վերջին եռակողմ հանդիպման և դրանից հետո կատարվող գործողությունների մասին։

Ադիբեկյանն առաջ բերեց այն տեսակետը, որը վերջին օրերին հանրության ու ընդդիմադիր դաշտն է նշում՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման և սա արդեն վերջին փուլն է։

Խոսելով այն մասին, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում չի կիրառվել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը և Բրյուսելյան հայտարարության մեջ նշված է պարզապես «Ղարաբաղի շրջան», որը Ադրբեջանի վարչատարածքային բաժանման գաղափարն է և որևէ առանձին կարգավիճակ չի ենթադրում՝ Ադիբեկյանը շեշտեց` զարմանալի չէ, քանի որ Փաշինյանը Ադրբեջանի օրակարգն է սպասարկում։

«Նույն ժամանակ, մենք չենք կարող շրջել այս էջը, պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությանը թույլ չտանք կործանել մեր երկիրը»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ադրբեջանական կողմի հանձնաժողովի կազմը ևս պատրաստ է։

Ադիբեկյանի խոսքով՝ մեր կազմին նայելով` պարզ է՝ ի շահ հայկական կողմի որոշում չի լինելու։ «Մեր կազմից ամենահետաքրքիրը Արման Սարգսյանն է, նախկին ոստիկանապետ, 22 տարվա աշխատանքային փորձ, բայց չի աշխատել ԶՈՒ-ի համակարգում, սովորական ոստիկան էր, ԶՈւ-ն և Ոստիկանությունը շատ տարբեր են, տարբեր գործառույթներ կատարող կառույցներ են և երբևէ նույնիսկ ամենալավ ոստիկանը չի կարող լինել լավ զինվորական, տարբեր ոլորտներ են, տարբեր խնդիրներ են լուծել։ Մեր ՊՆ-ի պատկերն անգամ անհասկանալի է, ՊՆ նախարարն ու երկու փոխնախարարները բացարձակ ոչ մի կապ չեն ունեցել պաշտպանական համակարգի հետ»։

Փորձագետը խոսեց նաև Ադրբեջանի հանձնաժողովի կազմի մասին և առանձնացրեց Շահին Մուստաֆաևին, որը ծնունդով Նոյեմբերյանի շրջանից է և պատահական չէ նրա նշանակումը, որովհետև տեղանքը լավ գիտի։ «Նա շատ լավ է պատկերացնում, թե ինչ կարող է կրծել Հայաստանից։ Սա է հանձնաժողովի նպատակը, չկասկածեք, որ Փաշինյանի ստեղծած հանձնաժողովից Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է»։

Ադրբեջանն իր նպատակին հասնելու հնարավորության մասին խոսելիս՝ Ադիբեկյանը շեշտեց՝ այդ դեպքում մենք ոչինչ չենք ունենա, պարզապես կտեսնենք, թե ինչպես է Արցախը Ադիբեջանի սովորական մարզ դառնում և 10-15 տարվա ընթացքում ոչ մի հայ չի մնա այնտեղ։

Շարունակվող պայքարի և վերջնարդյունքի չհասնելու մասին ադրբեջանագետը նշեց՝ Արցախի, Հայաստանի ապագային մասին մտածողներն ավելի քիչ են, քան այսօրվա հաճույքի մասին մտածողները։

Լիաննա Թորոսյան