Կարծում եմ՝ պարոն Նիկողոսյանը հումոր արեց․ Եղիշե Մելիքյան

Կարծում եմ՝ պարոն Նիկողոսյանը հումոր արեց․ Եղիշե Մելիքյան

Երեկ ՀՖՖ գործկոմի ընտրություններ էին, որի քվեարկության արդյունքում Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց ՀՖՖ գործկոմից։

Վերջին շրջանում ակնհայտ են «Փյունիկի» և ՀՖՖ լարված հարաբերությունները և իրար դեմ պարբերաբար հայտարարություններից հետո քվեարկության նման արդյունքը զարմանալի չէր։

Թեմայի մասին MediaHub.am-ը զրուցեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։

«Սա ևս մեկ անգամ ցույց տվեց ֆեդերացիայի աշխատելաոճը։ Շատ բան չեմ ուզում ասել, քանի որ իրենց գործելաոճը սահմանափակվում է քրեական պատասխանատվության ենթարկելու լեզվով խոսելով: Ավելացնելու ոչինչ չունեմ այս մասով»,-ասաց նա։

Վերջին շրջանում հայաստանյան ֆուտբոլային ակումբներն աչքի էին ընկնում տարաձայնություններով։ Քննարկման առիթ էր դարձել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջերում վերջերս հրապարակված ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ու ՀՖՖ նախագահի խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցներում հնչեցված հայտարարությունները։

Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր՝ ափսոսում է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում։
Հարցին, թե արդյո՞ք կրքերը հանդարտվել են և մարզիչների միջև եղած տարաձայնությունների արդյունքում էմոցիոնալ հայտարարություններ այլևս չեն լինելու, վերջինս պատասխանեց․ «Տվյալ կառույցի ցանկացած ներկայացուցչի, ցանկացած հայտարարության անդրադառնալու և պատասխանելու ցանկություն չունեմ։ Ի տարբերություն այդ կառույցի՝ մեր խոսքը գործ է, մեր խոսքը միայն գործով ենք ապացուցել ու նույն ձեռագրով էլ շարունակելու ենք, մնում է, որ նույն սկզբունքով էլ ՀՖՖ-ն աշխատի․ առջևում կարևոր խաղեր են»։

Դիտարկմանը, որ երեկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն իր ելույթում նշեց, որ պետք է բոլորով համախմբվեն հայկական ֆուտբոլի շուրջ և որ նրանք հայկական ֆուտբոլի համար փորձում են անել ամեն ինչ, Եղիշե Մելիքյանը ծիծաղով արձագանքեց․

«Մենք տարիներ, ամիսներ շարունակ հենց սրա մասին ենք խոսում, որ մեկս մյուսին պետք է օգնենք։ Կարծում եմ, որ պարոն Նիկողոսյանը պարզապես հումոր արեց»։

 

Լիաննա Թորոսյան