«Խաղաղության» մուրացկանները

«Խաղաղության» մուրացկանները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հրաչ Հակոբյանն են, ովքեր՝ իրարից առանձին, բայց զարգացրել են իշխանության ամենպրիմիտիվ թեզը՝ «պատերազմի կուսակցության» իշխանության գալու վտանգների մասին։

Ի՞նչ են ասել «Խաղաղության» մուրացկանները

«Խորհրդարանում հայտնված ռևանշիստներն այս օրերին  չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, նրանք փորձում են փակել Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը»,- այս «մարգարիտի» հեղինակը ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է։

Մեր հայրենիք պատերազմ ու նվաստացուցիչ պարտություն բերած քաղաքական ուժի ներկայացուցիչը ընդդիմությանը մեղադրում է «խաղաղության ճանապարհը» փակելու մեջ։ Սա նույնիսկ բանականությունից դուրս պնդում է։

Շատ ավելի ցինիկ միտք է արտահայտել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը․ «Իսկ ընդդիմությունը, մտածելով իր իշխանության գալու մասին, իր սադրիչ գործողություններով, հայտարարություններով փորձում է ամեն ինչ անել, որ մեր իշխանության օրոք ևս մեկ պատերազմ լինի։ Բնականաբար, իրենք չեն ցանկանում լինել իշխանություն, ու այդ ժամանակ լինի պատերազմ, ցանկանում են այնպես անել, որ ևս մեկ պատերազմ լինի, ՀՀ-ն էլի ձախողի, որ իրենք այդ ֆոնին գան իշխանության»։

Պատկերացնո՞ւմ եք՝ ցինիզմի չափը․ Հակոբյանը, թերևս, գիտակցում է, որ իր փեսայի քաղաքականությունը հանգեցնելու է նոր պատերազմի ու դա փորձում է տեղավորել ընդդիմության «գրպանում»։

Սակավախոսները

Նկատելի է, որ վերջին օրերին ՔՊ եզակի պատգամավորներ են հրապարակային խոսք ասում։ Կամ «քայլարածները» գիտակցում են իշխանափոխության անխուսափելիությունը, կամ էլ՝ Փաշինյանն է նրանց արգելում խոսել՝ իր վիճակն ավելի չբարդացնելու համար։

Երկու դեպքում էլ՝ գործ ունենք իշխանության հոգեվարքի հետ։

Վահրամ Բագրատյան