Տղաս նամակ է գրել Ձմեռ պապին․ «Խնդրում եմ, ինձ մեր տուն տար»

«Արցախում մենք բազմաթիվ դժվարություններ ենք տեսել, դրան զուգահեռ` երջանիկ էինք, քանի բոլորս միասին էինք ու մեր տանը». փրկարար Արման Թավադյանը MediaHub-ին պատմում է Արցախը լքելու ծանր, բայց պարտադրված որոշման մասին։
Արմանն այն նվիրյալ փրկարարներից է, որ Արցախում մնաց ընկերների հետ, օգնեց, փրկեց, խոշոր հաշվով ինքն էլ լինելով մեկը, որ ծանր ապրումների մեջ էր։ Կատարած աշխատանքի մասին չի խոսում, պատճառաբանելով, որ դա նվազագույնն էր, որ պետք է աներ հայրենակիցների համար։
«Կրակում էին ամեն տեղ ու ամենուր, և՛ 44-օրյային, և՛ այս տարվա դեպքերով, մենք այնտեղ էինք, որտեղ մեր անհրաժեշտությունը կար, մենք էլ անում էինք հնարավորը՝ մեկ մարդու կյանք ավելի փրկելու համար»,- ասում է նա։
Վառելիքաքսուքային նյութերի պահեստում բռնկված հրդեհը հարյուրավոր կյանքեր խլեց, նրանցից մեկը՝ Արմանի կնոջ եղբայրն էր։
«Ընտանիքիս համար դժվար ժամանակներ էին, ծանր ապրումներ ունեցանք։ Ի վերջո, ես իմ ընկերներից մի քանի օր շուտ դուրս եկա Արցախից, հասկանալի պատճառով։ Դժվարությունները նոր հասցե տեղափոխվելուց հետո էր»,- ասում է մեր զրուցակիցը։
Նոր միջավայր, սոցիալական խնդիրներ, ընտանիքում՝ մարդկային կորուստ, դրան գումարված Արցախի հանդեպ ունեցած կարոտը։ Շուտով նոր տարի է։ Թավադյանների ընտանիքում նախկին տարիների պես չեն պատրաստվում, բայց Արսենն ու Սոֆին հավատում են հրաշքների։
Կարոտում են Ստեփանակերտի մեր տանը թողած մեծ տոնածառը, փայլուն խաղալիքներին, ամանորյա կերպարներին, Անուշի պատրաստած համադամ ուտեստներին, որոնք տոնն ու տունը ավելի ամբողջական էին դարձնում երեխաների Ամանորը։
«Արսենն ու Սոֆին Ձմեռ պապին նամակ են գրել, կարդացի աչքերս լցվեցին․ «Սիրելի՛ Ձմեռ պապ, խնդրում եմ ինձ մեր տուն տար» բովանդակությամբ»,- պատմում է փրկարարը։
Արմանն ու Անուշն ընդառաջել են երեխաների հորդորներին, նոր հասցեում փոքր տոնածառ են տեղադրել, որ Արսենն ու Սոֆին մեղմեն իրենց կարոտն ու վայելեն նոր տարվա ու Սուրբ Ծննդի տոները։
Հունան Թադևոսյան