Հերթեր, դանդաղկոտություն, խառնաշփոթ. ՊԵԿ «նվերը» տնտեսվարողներին

Հերթեր, դանդաղկոտություն, խառնաշփոթ. ՊԵԿ «նվերը» տնտեսվարողներին

MediaHub-ին ահազանգում են տնտեսվարողները՝ ՊԵԿ-ը հնարավորինս խոչընդոտում է նրանց գործունեությունը, նորանոր խնդիրներ ու գլխացավանք առաջ քաշում:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՊԵԿ-ում այսպես կոչված բարեփոխումների շրջանակում որոշում են կայացրել միանգամից մի շարք աշխատակիցների հեռացնել աշխատանքից՝ հին կադրերը փոխարինելով երիտասարդներով: Արդյունքում հոկտեմբերի 15-ից գրեթե բոլոր մաքսակետերում, մաքսային պահեստներում ստեղծվել է կոլապսային իրավիճակ, քանի որ նորաթուխ մաքսավորները պատշաճ և արագ չեն կարողանում անել ձևակերպումները և իրենց դանդաղկոտության հետևանքով գոյանում են հսկայական հերթեր:

Արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում ժամանակին իրականացնել արտահանում-ներմուծում, ինչն էլ հանգեցնելու է նրանց համար լրացուցիչ ծախսերի՝ պայմանավորված տնտեսվարողների համար առաջացող տույժ-տուգանքներով, որոնք կիրառելու են նրանց արտասահմանյան գործընկերները պայմանագրով նախատեսված պարտավորություններոը նախանշված ժամկետներում չկատարելու դեպքում:

Մեզ ահազանգած տնտեսվարողները նշում են, որ հոկտեմբերի 15-ից գրեթե տասն անգամ պակասել են մաքսային բեռների ձևակերպումները: Բացի այս, նշում են նրանք, պետք չէ մոռանալ, որ կան ապրանքատեսակներ, որոնք շուտ փչանում են կամ հատուկ պահպանման կարիք ունեն:

MediaHub-ին ՊԵԿ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: