Արցախի կառավարությունը հեքիաթային լավատեսությամբ նստած՝ փրկչի է սպասում․ Հակոբյան 

Արցախի կառավարությունը հեքիաթային լավատեսությամբ նստած՝ փրկչի է սպասում․ Հակոբյան 

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները, ի դեմս նախագահի և ԱԳ նախարարի, բազմաթիվ հայտարարություններ են արել։ Ալիևն ասում է, որ Քաշաթաղի միջանցքում անցակետ տեղադրելն իրենց ուժեղ քաղաքական կամքի դրսևորումն է և իրենք մեկ տարվա ընթացքում երեք խնդիր են լուծելու, այն է՝ բանակի առավել ուժեղացում, Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնում։ Դրան զուգահեռ, Բայրամովը, հանդիպելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ղեկավարի հետ, հայտարարում է, որ իրենք դեմ չեն և թույլ են տալիս, որպեսզի Կարմիր խաչն իր առաքելությունը կատարի, այսինքն, հիվանդների տեղափոխումը կատարվի, նաև դեղաքանակի որոշ չափ հասցվի Արցախ, իսկ մնացած պահանջները պետք է լուծվեն Ստեփանակերտ-Ակնա ճանապարհով»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ 

Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ ցույց է տալիս իր դիրքորոշումը, ոչինչ չի թաքցնում և հաստատ է, որ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող։ 

«Հստակ է, որ իրենք Արցախի ժողովրդի անվտանգությունը չեն ապահովելու, այս մասին նաև հայտարարել էին, սակայն նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է այդ անվտանգությունն ապահովելու մասին, որն իրականում կեղծ օրակարգ է, բայց որպես միակ ճիշտ լուծում ներկայացնում է հանրությանը։ Արցախցիների անվտանգության երաշխավորը եղել է և մնում է ՀՀ-ն, մեզ համար սա կարմիր գիծ է և օտարածին իշխանությունների պաշտոնավորումը չի նշանակում, որ ՀՀ-ն հետ է կանգնելու իր առաքելությունից: Սակայն այս ստեղծված իրավիճակում, երբ օտարածին իշխանություններն են այսօր որոշում կայացնողները և իրենց նպատակն է Արցախից ազատվել, պետք է նշեմ, որ արցախցին մենակ է մնում և իր անվտանգության երաշխավորը միանշանակ ինքն է, Արցախի ՊԲ-ն է, յուրաքանչյուրը հենց ինքն է։ Մենք պետք է ունենանք ազգ-բանակ մոտեցումը, որովհետև այլ տարբերակ մեզ չի մնում, և իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այս ողջ ընթացքում հայաստանյան իշխանությունները կեղծ օրակարգեր, կեղծ թեզեր են առաջ քաշել, որպեսզի կատարեն, վերջինիս պնդմամբ՝ դավաճանական գործուներություն, ընդդեմ ողջ հայության։

«Խոսելով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին՝ իրենք ուզում են Արցախը միանգամից ծուղակը գցել, որպեսզի ավելի արագ ազատվի քան կլիներ այլ տարբերակով, որովհետև, բնականաբար, չի կարող Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն լինել այն ձևաչափով, որը Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններն են առաջարկում։ Այսինքն, որպես փոքրամասնության ներկայացուցիչներ հանդիպում ունենան պաշտոնական Բաքվի հետ և այնտեղ քննարկեն անվտանգության և իրավունքների հարցերը, սա միանշանակ մերժելի է, քանի որ սա նշանակում է Արցախի միանգամից ոչնչացում։ Մենք բազմիցս նշել ենք, որ դեմ չենք բանակցություններին, բայց այն պետք է լինի միջազգային հարթակներում, և հավասար կողմերով, այսինքն, Ադրբեջանի նախագահի հետ պետք է հանդիպի Արցախի նախագահը։ Այս ընթացքում հանդիպումներ են եղել, որոնք բանակցություններ համարել չի կարելի, սակայն այն հանդիպումները, որոնք եղել են, արդյունք չեն տվել, քանի որ հակառակ կողմն ունի օրակարգ և դրանից չի շեղվում, այն է՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, իրենց լեզվով ասած՝ ինտեգրում։ Սա բնականաբար մեզ համար անընդունելի է և սա է պատճառը, որ հանդիպումներ այլևս տեղի չեն ունենում»,- շեշտեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ Արցախի կառավարությունը հեքիաթային լավատեսությամբ նստած սպասում է ինչ-որ փրկչի հայտնվելուն:

«Եթե որևէ քայլեր ու գործողություններ լինեին, գոնե սա մի փոքր կնկատվեր, մենք ոչինչ չենք տեսնում։ Պատերազմից անմիջապես հետո մենք բազմիցս պահանջել ենք Արցախի իշխանություններից, որ մշակեն երկրի ռազմավարությունը, սա մինչև հիմա չի կատարվել և իշխանությունների այս պահվածքը մենք գնահատել ենք որպես անլուրջ պահվածք։ Վերջերս հնարավորություն ունեցա երկրի նախագահին հարցնել այս ամենի մասին, ինձ համար ընդհանրապես համոզիչ չէր նրա պատասխանները, ես չհավատացի այն խոսքին, որ կան ծրագրեր, որոնք գաղտնիք են, ես ավելի ուշ նրան արձագանքեցի, որ նման գաղտնի ծրագրերը արցախցիների համար ընդունելի չեն, որովհետև մենք նրանց նկատմամբ վստահություն չունենք, մենք չենք կարող վստահել իր գաղտնի ծրագրերին, որովհետև հստակ համոզված չենք կարող լինել, որ այդտեղ վտանգներ չկան։ ՀՀ և Արցախի իշխանությունների երկխոսությունը տեսանելի չէ, որովհետև այն ուղղակի չկա. երբ վերջին նիստի ժամանակ ես հարց ուղղեցի ԱՀ պետնախարարին, ինքը բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ չկա որևէ շփում Հայաստանի իշխանության հետ, տարվող բանակցություններից նախապես քննարկումներ չեն լինում, նույնը նաև ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնեց, փաստեց ԱԺ նախագահը», - ներկայացրեց նա և հավելեց` ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի վարչապետը ասողի, իսկ Արցախի նախագահը լսողի դերում է։ 

Հակոբյանն ընդգծեց, որ հայկական երկու պետությունների ԱԺ-ների միջև ևս որևէ շփում չկա, միայն ընդդիմությունն է, որ պահպանում է գործընկերային հարաբերությունները։

Լիաննա Թորոսյան