Ինչ ասել եմ, ասածիս տերն եմ․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին

Դեռ նախորդ տարվա վերջից կար խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն, միայն թե քաղաքական կամք էր պետք Ադրբեջանի կողմից։ Իսկ սա ևս մեկ ազդակ է, որ այդ պրացեսը պետք է արագորեն իրականացվի։ Այդ մասին ասօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը և խաղաղության պայմանագրի հավանական ստորագրմանը։

Նրա խոսքով՝ պայմանագրի հիմքում ամբողջովին միջազգային նորմեր են դրված, որոնք նաև հայկական կողմի մոտեցումներն են արտացոլում։ «Եթե հակասող նորմեր կան, մենք մերժում ենք, մեր առաջարկն ենք ուղարկում, դրա համար պրոցեսը երկարում է»,- նշեց նա։

Սիմոնյանը նկատեց՝ հերթով կետ առ կետ քայլերն արվում են։ «Տեսեք, նոյեմբերի իննի հայտարարությունը որոշ դեպքերով կարողացան սակարկել, հիմա պետք է ամեն ինչ մանրակրկիտ արվի»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե արդյո՞ք ինքը պատասխանելու է ՌԴ պետդումայի գրությանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ ինքը գրություն չի ստացել։ «Ում որ ուղարկել են, նրան հարցրեք։ Շատ վաղուց իմ գործընկերը պատասխանն ուղարկել է։ Սարգիս Խանդանյանին է ուղարկված եղել այդ գրությունը, որին նա պատասխանել է։ Տեղյակ եմ՝ ինչ է պատասխանել, բայց չեմ ասի»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքն ինչ ասել է, իր ասածի տերն է։

Մանրամասները՝ տեսանյութում։