Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը

Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը

MediaHub-ը քիչ առաջ գրել էր «Արգենտինյան Հանրապետության» թիվ 76 հիմնական դպրոցում ստեղծված բարդ իրավիճակի մասին: Հիշեցնենք, 2–րդ դասարանի երեխայի պահվածքն անհանգստացնում է ծնողներին, նրանք չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դասի, քանի դեռ խնդրահարույց երեխան իր պահվածքով շարունակում է խաթարել դասապրոցեսը։ 

Ավելին, Քննչական կոմիտեից մեզ հաստատեցին այն, որ երեխայի ծնողի մասնակցությամբ դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի, 194-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կա մեկ տուժող:

Խնդիրն այն է, որ դպրոցի տնօրենը չի կարողանում կամ չի ուզում խնդրին լուծում տալ, որն արդեն երկրորդ տարին է անհանգստացնում ծնողներին:

MediaHub-ը փորձեց կապ հասատատել թիվ 76 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի հետ, սակայն, այսօր ամբողջ օրը վերջինս ուղղակի խուսափում էր մեր զանգերին պատասխանել, վերջինիս հրահանգով մեզ մեկ փոխանցում էին, թե նա դասալսման է, մեկ վատ է իրեն զգում, մեկ չի կարող խոսել։

MediaHub-ը խոսել էր ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, ով նշել էր՝ տեղյակ են, խնդրին լուծումներ են տրվելու, անգամ չբացառեց՝ տնօրենի հրաժարականն էլ հնարավոր է։

MediaHub-ը դիմել էր նաև Երևանի քաղաքապետարան, հասկանալու, թե ի՞նչ լուծումներ են տրվելու իրենց կողմից։

«Երևանի «Արգենտինյան Հանրապետության» հ. 76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2-րդ դասարանին առնչվող՝ լրատվամիջոցներով տարածված խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տնօրինության կողմից այն ներկայացվել է ինչպես լիազոր մարմնին, այնպես էլ համագործակից այլ կառույցների»,– նշեցին քաղաքապետարանից: 

Ապա հավելեցին․ «Ներկայում գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերակայությամբ ապահովելու ուղղությամբ: Հորդորում ենք խուսափել խնդրին հանրային ուշադրության անհարկի սևեռումից՝ չխոչընդոտելու ձեռնարկվող աշխատանքների բնականոն ընթացքը»:

Մարիաննա Արամյան