Մոտ 800 բեռնատար՝ ռուսական կողմում, 150 բեռնատար՝ Վրաստանի տարածքում․ ի՞նչ իրավիճակ է Լարսում 

Մոտ 800 բեռնատար՝ ռուսական կողմում, 150 բեռնատար՝ Վրաստանի տարածքում․ ի՞նչ իրավիճակ է Լարսում 

Բեռները նորմալ ձևակերպվում են, եթե խախտում չեն ունենում, ոչ մի խնդիր չի առաջանում այս պահին։ Այսքան ժամանակ կարանտինային վիրուսներ էին հայտնաբերում, մեքենաները հետ էին ուղարկում, հետո մեր ՍԱՏՄ-ի հետ պայմանավորվեցին հետագա աշխատանքի ձևը, ուղղությունը, ու սկսեցին աշխատել արդեն։ Այս մասին այսօր Mediahub-ի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ անդրադառնալով վերջերս առաջացած խնդրին, թե ինչպես էր Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը հայկական բեռնատարները հետ ուղարկում՝ պատճառաբանելով ֆիտոսանիտարիայի ստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումները։ 

Վարորդները, հիշեցնենք, մեզ փոխանցում էին, թե խնդիրը ավելի շատ քաղաքական է, ու ֆիտոսանիտարական ստուգումն ընդամենը պատրվակ է, քանզի ռուս խաղաղապահներն իրենց ասում էին՝ «գնացեք ձեր կառավարությունից ճշտեք, թե ինչու չեն կարողանում իրենք հատել վրաց-ռուսական սահմանը»։ 

MediaHub-ի հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ քաղաքական մակարդակով է երկխոսություն տեղի ունեցել ռուսական կողմի հետ, որ խնդիրը կարգավորվել է, Վահան Հակոբյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, նման տեղեկություն ինքը չունի։ Նա նաև անդրադարձավ այս պահին եղանակային պայմաններով պայմանավորված բարդ իրավիճակին՝ նշելով․ «Խաչի լեռնանցքում, գիտեք, մի քանի օր առաջ սկսեց առատ ձյուն տեղալ, որի պատճառով ճանապարհը սկզբից փակվեց բեռնատարների համար, հետո անանցանելի դարձավ նաև թեթև մարդատար մեքենաների համար։ Այս պահին ամենակրիտիկական կետում դեռ ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացնում Վրաստանի իշխանությունները, որովհետև ձնահոսքի վտանգ կա, տեխնիկան ուղղակի կարող է վնասվել, եթե սկսեն հիմա աշխատել, սպասում են ձնահոսքի վտանգը վերանա, տեղումները դադարեն, որից հետո ձնամաքրման աշխատանքները նոր կսկսեն։ Այսօր դեռ չեն սկսել ձյունը մաքրել, որովհետև այդ վտանգը դեռ կա»։ 

Հարցին՝ ճանապարհին կանգնած հայկական մեքենաներ շա՞տ կան, թե՞ տեղյակ են՝ ճանապարհը փակ է, ու Հայաստանից դուրս չեն գալիս դեռ, Հակոբյանն ասաց․ «Կարծում եմ՝ մեծ մասը դուրս չեն գալիս, որովհետև քանակը մեծ չէ, մոտ 150 բեռնատար ունենք ճանապարհին սպասող, որ Վրաստանի տարածքում ինչ-որ տեղ կանգնած են ու Լարս չեն կարողանում հասնել։ Ռուսական կողմից էլ ունենք կուտակումներ նույն պատճառով՝ այնտեղից էլ չեն կարողանում առաջանալ, սպասում են՝ ճանապարհը բացվի, որ ռուսական կողմից կարողանան շարժվել դեպի Հայաստան։ Այս պահին մոտ 800 բեռնատար էլ այն կողմում ունենք սպասող»։

Վահե Մակարյան