Կա՞ն գյուղեր Տավուշում, որոնք կարող են հանձնվել Ադրբեջանին․ մեկնաբանում է մարզպետը

44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններին ոչինչ տեղի չի ունեցել, չկա որևէ սահմանային փոփոխություն։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Դիտարկմանը, որ մի շրջան լուրեր էին տարածվում, թե թշնամին Տավուշի սահմանին վրաններ է տեղադրել, մարզպետն արձագանքեց՝  չկա նման բան։

Հարցին, թե Տավուշի մարզում "կա՞ն գյուղեր, որոնք հայկական չեն" ու ենթակա են հանձնման, մարզպետը պատասխանեց՝  այդ հարցին չի պատասխանելու։

«Ընդհանրապես այդ հարցին չեմ պատասխանում»,- ասաց Ղալումյանը։

Մարզպետը նկատեց՝ իր անձնական որոշումն է չպատասխանել հարցին, թե արդյոք կան հանձնման ենթակա գյուղեր Տավուշում։

«Հաջորդ անգամ այդ հարցը ինձ չտաք։ Այս պահին չի քննարկվում նման հարց։ Չունենք նման խնդիր այդ առումով։ Չեմ կարող բացառել, որ նման խնդիր կարող է առաջանա»,- նշեց մարզպետը։

Ավելին, նա հիշեցրեց, որ Տավուշի մարզի հողերից մոտ 500 հեկտար գտնվում է ադրբեջանցիների տիրապետության տակ, և այդ պահանջն էլ մենք կարող ենք ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։