Մեր ամոթի օրը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Բաքուն դա անվանեց «հակաահաբեկչական գործողություն», մենք կհիշենք՝ հայկական Արցախի կորստի վերջին արար:
Մի քանի օր անց Արցախը կհայաթափվի, հարյուր հազարից ավելի հայեր կլքեն իրենց հայրենի հողը, որտեղ այսօր՝ մեկ տարի անց, հայի հետքը ակտիվ ու անխոչընդոտ վերացվում է: Դա արվում է անթաքույց, քանզի գիտեն՝ հարևան Հայաստանում, որը ամենևին էլ հարևան չի ընկալվում, այլ զոհաբերության սեղանին օրերից մի օր հայտնվելու հեռանկար ունեցող ոխերիմ թշնամի, գիտեն՝ ՀՀ իշխանությունները իրենք էլ ուրախ են, որ վերջապես ազատվեցին Արցախից, թոթափեցին այդ բեռը և հիմա վայելում են կյանքի բարիքները: Իսկ ժողովուրդը.... թուրք-դահիճի արյան մեջ է ախոյանին տանջելը, դանդաղ մահի տանելը:
Ադրբեջանը անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ չբացեց միջազգային կառույցների համար հայկական Արցախի դարպասները, փոխարենը ջանում է արագ վերացնել հայկական հետքը, ոգին ու ամեն հիշատակում, պղծում է գերեզմանները, քանդում տներ ու հուշարձաններ, եկեղեցիները հավասարեցնում հողին կամ մզկիթի վերածում, որպեսզի հետո, երբ մի օր Արցախի սահմանները բացի զբոսաշրջիկների համար, ցուցադրելու բան ունենա:
Սրան զուգահեռ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով հրապարակում է տեսանյութեր դատարկված, բայց այդպես էլ անիծյալ հնչեղություն ունեցող “Խանքենդի” չդարձած Ստեփանակերտից՝ դաղելով, ցավեցնելով, մղկտացնելով, դանդաղ սպանելով բոլոր այն հայերին, որոնք այդ տեսանյութերում իրենց տունն ու տեղն են ճանաչում: Ճաշասենյակի պատերը, որոնք դեռ հիշում են հայ երեխաների զրնգուն ու երջանիկ ծիծաղը, հիմա այլասերված ու ոչ մի սրբություն չունեցող ցեղատեսակի արական սեռի արարածներին են տեսնում: Պատուհաններն ու պատշգամբները դեն նետվող տեխնիկա ու հիշողություններով լի ընտանեկան ալբոմներ են տեսնում, որոնք վերջնակետին հասնելով՝ շաղ են տալիս լուսանկարները աջ-ձախ, ինչպես ճակատագիրը արցախցիներին աշխարհով մեկ շաղ տվեց:
Արցախի հայաթափմանը սկիզբ դրվեց ոչ թե 2023-ին, այլ ավելի վաղ: Ժամանակը լավագույն դատավորն է, ափսոս, որ շատ է ուշանում…. Աբսուրդ է հնչում, բայց այդպես է:
Բայց սեպտեմբերի 19-ը պետք է սև գույնով ներկված հիշվի ոչ թե որպես Արցախի կորստի, այլ Արցախը դավաճանելու ու մեր ամոթի օր, քանզի գիտեինք՝ բոլորս, քաջ պատկերացնում էինք վերջնադրյունքը՝ բոլորս, բայց այդպես էլ չկանխեցինք դարձյալ բոլորովս:
Արցախը ինձ համար կա ու կմնա հայկական, թեև գիտակցում եմ, որ առաջիկա տասնամյակներին մենք այնտեղ չենք վերադառնա ու այն չենք վերադարձնի: Պատճառը ՀՀ իշխանությունն է, քաղաքական կամքն է, քաղաքական դեմքերը, նրանց վարած քաղաքականությունը, նաև մենք: Բայց մեկ հույս ունեմ, որ Արցախը, տա Աստված, չի՛ դառնա Արևմտյան Հայաստան, որը կորցնելուց հետո այս էլ հարյուր տարի է հայկական մնաց միայն երգերի ու ռեստորանների անվանումների մեջ:
Լիա Խոջոյան