Զգուշացեք․ ֆեյսբուքյան օգտատերը Իտալիայի դեսպանատան մուտքի «օր է վաճառում»

Շենգեն գոտու վիզա ստանալը դարձել է իրական պատուհաս՝ վերջին ամիսներին եվրոպական որևէ երկրի դեսպանատուն մտնելը անհնար է: Այս մասին բազմիցս է բարձրաձայնվել, այդ թվում և ԱԳՆ մակարդակով, սակայն խնդիրը լուծում չի ստանում: Ավելին՝ ռիսկեր է պարունակում:
Հատկապես Իտալիայի դեսպանատուն մտնելու համար քաղաքացիները շարունակում են օգտվել տարբեր փորձված ու չփորձված եղանակներից։ MediaHub.am-ը գրել էր, որ ահազանգ ունի՝ տուրիստական կազմակերպությունները դեսպանատուն մտնելու բոլոր օրերը գնել ու թանկ գնով վաճառում են քաղաքացիների վրա։ Սրան ԱԳՆ-ից հստակ արձագանք չեղավ, թեև մեզ վստահեցրել էին, որ հարցի բարձրացմանը հետամուտ են լինելու։
Այսօր էլ MediaHub.am-ը նոր ահազանգ ստացավ․ ֆեյսբուքյան օգտատերերը դեսպանատուն մտնելու իրենց օրը «վաճառում են»։ Եվ, ճամփորդել երազող մարդիկ, ինչպիսին մեր զրուցակիցն էր (Մ․ Պ․), երբեմն կորցնում են զգոնությունն ու զգուշավորությունն ու ընկնում են թակարդը։ Այսպես, մեր զրուցակցին ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Թադևոսյանն իր դեսպանատուն մտնելու օրն է վաճառել՝ 20 հազար դրամ կանխավճարի դիմաց։
«Ինձ ասաց, որ կարող է իր անձնագիրն էլ ուղարկել, որ չմտածեմ՝ խաբում է, բայց ես չուզեցի, միայն իր քարտի համարն ուզեցի, որ փոխանցում անեմ։ Ինձ ասաց, որ հունիսի 5-ին ժամը երկուսին պետք է մտնեմ դեսպանատուն, գործերս թողեցի, գնացի, հետո այդ օրը՝ հունիսի 5-ին զանգեց, ասաց, որ ժամը փոխվել է, պետք է առավոտյան այնտեղ լինեի, ու քանի որ չեմ մոտեցել, հերթս անցել է։ Բայց խոստացավ, որ հունիսի 12-ին կլինի։ Ես այդ օրը նորից չգնացի աշխատանքի, եկա այստեղ, բայց ինձ ասացին, որ պետք է կոդ ներկայացնեմ։ Զանգեցի այդ կնոջն, ինձ ասաց, որ յոթ հոգու առանց կոդի ուղարկել է, ինչո՞ւ է հենց ինձ հետ նման խնդիր առաջացել։ Երբ ես այդտեղ աշխատակցին հայտնեցի, որ յոթ հոգի կարողացել է առանց կոդի անցնել, ինձ ասացին, որ նման բան հնարավոր չէ»,- պատմեց մեր զրուցակիցը։
Այնուհետև Սուսաննա Թադևոսյանն իրեն ասել է, որ մեր զրուցակիցն այնքան սպասի, մինչև կոդը կլինի։ Սա վերջին կաթիլը եղավ և համբերության բաժակը լցվեց. հստակ էր, որ կինը սովորական խաբեբա է.
«Երբ ես ասացի, որ արդեն ԶԼՄ-ներին կդիմեմ, այդ կինն ինձ ասաց, որ ահաբեկում եմ իրեն, բայց և իմ հաշվեհամարն ուզեց, որ գումարս հետ փոխանցի»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Նա հավելեց՝ հարցը 20 հազար դրամը չէ, այլ այն, որ ինքն ու իր պես բազմաթիվ մարդիկ խաբվում են. «Ես կարող էի տոմսերն արդեն գնած լինել ու ֆինանսական լուրջ կորուստ ունենալ։ Ու հիմա էլ բարձրաձայնում եմ, որ այլ մարդիկ էլ չխաբվեն»,- նշեց նա։
Մինչև ե՞րբ են պատկան մարմինները աչք փակելու այս խայտառակ իրավիճակի վրա: Ի վերջո, տարիներ շարունակ մեզ հրամցնում էին, որ Եվրոպան դառել է ավելի հասանելի ու ավելի մատչելի, բայց արի ու տես, որ մարդիկ պարզապես չեն կարողանում հասնել դեսպանատուն ու վիզա ստանալ, որովհետև ինչ-որ սպեկուլյանտներ այս հարցի վրա հարստանում են ու խաբում մարդկանց:
Նարե Գնունի