Հենց Հայաստանը ձեռքերը լվաց Արցախից, թուրքերը ավելի լկտիացան․ Արթուր Խաչատրյան
Արցախը կատարյալ շրջափակման մեջ է, 4 գյուղերը Հայաստանի հետ որոշակիորեն կապ ունեին և գոնե նվազագույն կարիքները կարողանում էին բավարարել, հիմա ընդհանրապես փակված են, նույնիսկ մարդասիրական ապրանքներ չեն ստանում, չնայած երեկ հաղորդագրություն ստացվեց, որ որոշ ապրանքներ են հասել: Բայց հարցը պետք է լուծվի քաղաքական մակարդակում։ Այս մասին այսօր «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու ընթացքում MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով Արցախի 4 գյուղերի լիակատար շրջափակման մեջ հայտնվելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակների մասին։
«Սա հումանիտար, մարդասիրական հարց չի կարելի ներկայացնել, սա լուրջ քաղաքական խնդիր է, որովհետև, եթե մարդասիրական ենք ներկայացնում, ապա մարդասիրական հարթության մեջ պետք է փնտրվի լուծումը: Օրինակ՝ թուրքերը կարող են գալ, ինչ-որ գազային հանգույց կառուցել, ասեն՝ Արցախ, միացիր մեր գազային հանգույցին և հարցդ կլուծվի, բայց սա կնշանակի Արցախի ուղղակի կլանում։ Պետք է պատճառները նայել, ադրբեջանցիները լկտիացան, երբ ՀՀ-ն հրաժարվեց խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, վախեցավ նույնիսկ արտահայտել Արցախի Հանրապետություն բառը և ասաց՝ Արցախի ներկայացուցիչները թող բանակցեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Հենց Հայաստանը ձեռքերը լվաց Արցախից թուրքերը ավելի լկտիացան և ունենք այն, ինչ ունենք, և սրանք կարծում են՝ զոհելով Արցախը, կփրկեն Հայաստանը, բայց Ադրբեջանը ցույց տվեց, որ հակառակն է. ինչքան դու զիջումների ես գնում, այնքան Ադրբեջանը լկտիանում է»,-շեշտեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։