Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին, ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է. Մամուլը՝ սուրճով

Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին, ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին, ինչպես սիրում էր նշել երբեմնի ընդդիմադիր Նիկոլը, օդում կախված լուրերի համաձայն, վերջինս արձակուրդ գնալու կապակցությամբ «прощальный вечер» է կազմակերպել թիմակիցների հետ ու հանձնարարել` չտրվել ոչ մի սադրանքի:

Մինեւնույն ժամանակ, Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին, թե` եթե շատ համը հանեն ընդդիմության ջատագովները, «դա խազ» պատասխան են տալու:

«Չխեղճանաք, մեկին երկուսը պատասխանեք, մեկ ա, ժողովուրդը մեզ ա վստահում ու մեզ ա բալետ անում»,- ըստ իշխանական մեր աղբյուրի, մոտավորապես այս խոսքերով է եզրափակել «прощальный вечер»-ը Փաշինյանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգեւատրվում:

Նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Սահմանադրության օրվա առիթով միանվագ պարգեւատրել պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանին է փոխարինում, կրկին պարգեւատրել է ԱԺ պետծառայող աշխատակիցներին: Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները միանվագ դրամական պարգեւատրում են ստացել. թե ինչու են ամռան այս ամիսներին ԱԺ-ում այսքան պարգեւներ շռայլվում, այն դեպքում, երբ նիստեր չեն էլ հրավիրվում, հիմնավորված չէ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողների խորհուրդը, ամփոփելով ռադիոյի տնօրենի մրցույթին ներկայացված դիմումները, երեկ հայտարարեց, որ 8 թեկնածու է դիմել։ Սա երկրորդ փորձն է: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 15-ն էր, արդյունքները կամփոփվեն հուլիսի 29-ին:

Դիմել են` ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով հայտնվեց իշխանության սեւ ցուցակում՝ Փաշինյանի` Հանրային Ռադիոյին տված հարցազրույցը քննադատելու համար:

Դիմել են նաեւ Բելլա Հովհաննիսյանը, ՀՌ աշխատակիցներ Մհեր Մարգարյանը, Նազելի Օհանյանը, Միքայել Յալանուզյանը, ով «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն է: «Հրապարակ» օրաթերթի երկարամյա թղթակից Լուսինե Պետրոյսանը, հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը, ով «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» թոք-շոուի հեղինակն ու վարողն էր, եւ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը, ով էլ իշխանությունների «սրտի թեկնածուն» է եւ հին նիկոլական»: