Իշխանության ցինիզմը

Իշխանության ցինիզմը

Երեք օր առաջ բռնությամբ ավարտված միջադեպից հետո իրավապահները քննում են թե՛ վանաձորցի Ավետիսյանների, և թե՛ ոստիկանների արարքները։ Ուրբաթ օրը ծեծկռտուք էր եղել վարչապետի Տավուշ մեկնող ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկների և վանաձորցի Ավետիսյանների ընտանիքի անդամների միջև։ Իրավապահները հարուցված վարույթով քաղաքացիների արարքները որակել են որպես խուլիգանություն, ինչպես նաև միջամտություն պաշտոնատար անձի գործունեությանը՝ բռնություն գործադրելու միջոցով։ Իսկ ոստիկաններն, ըստ հարուցված մեկ այլ քրեական գործի, խոշտանգել են վանաձորցի Ավետիսյաններին, այդ թվում՝ նրանց անչափահաս որդուն։

Այս պահի դրությամբ ո՛չ քաղաքացիներին, ո՛չ էլ պարեկներին մեղադրանք չի առաջադրվել։

Հիմա եկեք պատկերացնենք իշխանությունների ցինիզմը:

Նրանք, ըստ էության, հավասարության նշան են դրել խոշտանգողների ու խոշտանգվողների միջև, ավելին՝ փորձել են մի կեղծ իրականություն ստեղծել, թե իբրև քաղաքացիները խոչընդոտել են իրավապահ մարմինների աշխատանքները, դե ոստիկաններն էլ կարգազանց քաղաքացիներին «պատժել» են՝ մի փոքր «համը հանելով»:

Իրավական նման «հավասարության» նպատակը մեկն է՝ ամեն ինչ ավարտել «հաշտությամբ», որպեսզի, ի վերջո, ոստիկանության «բեդպրեդելը» մնա այս պատմության ստվերում:

Ցանկացած նորմալ երկրում, նման սկանդալային պատմությունից հետո, ոստիկանապետի լիազորությունները պետք է առնվազն կասեցվեին՝ մինչև քննության ավարտը: Էլ չենք ասում այն մասին, որ Վահե Ղազարյանը պետք է ինքնասիրություն ունենար ու հրաժարական տար. միայն անցած շաբաթվա ընթացքում առնվազն երեք սկանդալային պատմություն է տեղի ունեցել ու բոլոր դեպքերում՝ «հերոսների» կարգավիճակում եղել են պարեկները:

Սա՞ է ոստիկանության բարեփոխումը:

Իհարկե, այս պատմության մեջ քաղաքական պատասխանատվության իր բաժինն ունի նաև Նիկոլ Փաշինյանը:

Ո՞վ է տեսել, որ դեմոկրատական երկրում վարչապեն այնպես տեղաշարժվի, որ դա հղի կնոջ մահվան կամ քաղաքացիների խոշտանգման պատճառ դառնա:

Այդպիսի բան կարող է տեղի ունենալ միայն Նիկոլի Հայաստանում: 

 

Վահրամ Բագրատյան