Մենք միայն բախվում ենք Արայիկ Հարությունյանի բանակցությունների արդյունքներին․ ԱՀ պատգամավոր

Բաքվում կայացած ճեպազրույցում օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Լաչինի միջանցքում անցակետի ստեղծում չի նախատեսվում: Լավրովը նշել էր, որ կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնելու կասկածները, թե միջանցքն իրականում օգտագործվում է ոչ նպատակային։
MediaHub-ը զրուցեց ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե Արցախն ի՞նչ դիրքորոշում ունի այս ուղղությամբ և արդյո՞ք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ընթացող «բանակցություններն» այս մասին են։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ասաց նա։
Սարգսյանը հիշեցրեց, որ այդ պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Աղդամում ստեղծվել է ռուս-թուրքական վերահսկողության կենտրոն:
«Այսինքն՝ եռակողմ հայտարարությունը կարգավորում է Լաչինի միջանցքի, այսպես կոչված, ռեժիմը, ուստի Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Բաքվի, Մոսկվայի և այլոց հետ շփումներում պետք է առաջնորդվեն այդ կարգավորումներով։ Իսկ թե ինչի մասին է բանակցում Արայիկ Հարությունյանը, մենք գիտենք մամուլից։ Մենք չենք մասնակցում այդ քննարկումներին, այլ միայն բախվում ենք բանակցությունների արդյունքներին»,- ընդգծեց պատգամավորը։
Լիաննա Թորոսյան