Ի՞նչ վիճակում են երեկ վթարից վիրավորված յոթ զինծառայողները

Ի՞նչ վիճակում են երեկ վթարից վիրավորված յոթ զինծառայողները

Երեկ ՊՆ կամազի կողաշրջման հետևանքով վիրավորում ստացած յոթ զինծառայողները շարունակում են բուժում ստանալ ՊՆ կայազորային հոսպիտալում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տղաները շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Նշենք, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին, խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի արդյունքում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են կայազորային զինվորական հոսպիտալ:

Նարե Գնունի