Ովքե՞ր են Ալավերդիում շրջող, խուճապ հարուցող տարօրինակ անձինք. տեղեկություններ են պտտվում, հաստատող չկա

Ովքե՞ր են Ալավերդիում շրջող, խուճապ հարուցող տարօրինակ անձինք. տեղեկություններ են պտտվում, հաստատող չկա

Օդում կախված լուրեր են, հստակ բան չկա։ Ես տեղեկություն չունեմ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդիի փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը՝ խոսելով մամուլում տարածված այն տեղեկության մասին, թե ալավերդցիներին տարօրինակ հագուստներով մարդիկ են մոտեցել և սկսել վատ հայերենով ու ռուսերենով հարցուփորձ անել այն մասին, թե ինչ հեռավորության վրա է գտնվում Ադրբեջանը։ Փոխքաղաքապետը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկության հավաստի լինելը, վերջինս հորդորեց Ոստիկանությունից ճշտել։

Նշենք, որ MediaHub.am-ին Ալավերդի քաղաքի բնակիչներից մեկը վստահեցրեց, որ տեղեկությունը ճիշտ է, սակայն որեւէ կասկածելի բան չկա, քանի որ մարդկանց մոտեցողները, հավանաբար, եղել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսսիոներներ (մորմոններ), որոնք վերջին իրադարձություններից հետո փորձել են հետաքրքրվել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Սակայն MediaHub.am-ի ուսումնասիրությունների արդյունքում եւ աղբյուրների փոխանցմանբ՝ այս պահին Ալավերդիում եւ Վանաձորում վստահաբար միսսիոներներ չկան։ Այս դեպքում արդեն հարցական է, ճիշտ են այս տեղեկությունները, թե ոչ։ Եթե ճիշտ են, ապա ովքե՞ր են խուճապ տարածողները։

Նշենք, որ վերջին օրերին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից նմանատիպ լուրեր են ստացվում կասկածելի մարդկանց ու նրանց վարքի մասով: Ոստիկանությունից, սակայն, հավաստիացնում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա և իրավիճակը վերահսկելի է:


Լիաննա Թորոսյան