Ջերմուկի բնակիչները հայհոյել, քաշքշել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին

Ջերմուկի բնակիչները հայհոյել, քաշքշել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում Ջերմուկ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ․Խաչատրյանը, բջջային հեռախոսով տեսանկարահանելով, մոտեցել է ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ կատարելով դեմքի ծամածռություններ, ձեռքով ցուցադրելով անպարկեշտ ժեստեր։ Ոստիկանության պաշտոնատար անձը վերջինիս հորդորել է իրեն չտեսանկարահանել։ Սակայն նշված քաղաքացին շարունակել է իր գործողությունները, ինչից հետո նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ քաղաքացին հայհոյել է ոստիկանին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Քաշքշուկի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողը նկատել է, որ քաղաքացու մոտ ատրճանակ կա, որն ընկել է գետնին։

Այդ ընթացքում գազալցակայանի տարածքից, մետաղյա ձողը ձեռքին, հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է վերոհիշյալ քաղաքացու 35-ամյա եղբայրը՝ Ս․Խաչատրյանը, ով իր հերթին ձեռքին եղած ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկանության պետի մեջքի և ծոծրակի հատվածներին՝ միաժամանակ բղավերով, որ ոստիկանության ծառայողը «քրեական գործեր է սարքել իրենց գլխին»։ Միայն գազալցակայանի և քաղաքացիների միջամտությամբ է միջադեպը դադարել, իսկ եղբայրները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որը միացվել է նշված անձանց առնչվող այլ քրեական վարույթի, որով վերջիններս ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ խուզարկություններ, որոնց ժամանակ Ս․Խաչատրյանի ավտոմեքենայից հայտնաբերվել է 7,62մմ տրամաչափի 76 հատ փամփուշտ, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է վերը նշված ատրճանակը, մետաղյա ձողը, որով հարվածներ են հասցվել Ոստիկանության ծառայողին։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Փորձագետի եզրակացության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերված և Գ․Խաչատրյանին պատկանող ատրճանակը հանդիսանում է գազային զենք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Եղբայրներից մեկին՝ Ս․Խաչատրյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ Գ.Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: