Հավերժ գլխավոր խմբագիրը

Դիվանագիտական ճանապարհով ու մամուլի լուսաբանումներով միջազգային ավելի մեծ ուշադրություն հրավիրել Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա. Արցախում վերահաս սովի վտանգի ֆոնին Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս հանձնարարականներն է տվել իր ենթականերին՝ միևնույն ժամանակ արձանագրելով՝ Եվրոպական խորհրդի ու Ադրբեջանի նախագահների հետ բրյուսելյան բանակցությունները Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով կոնկրետ արդյունք չտվեցին։
Այսինքն, եթե հիմնվենք Փաշինյանի խոսքի վրա, ապա դիվանագիտական ջանքերն օգուտ չի տվել ու հիմա կառավարությունը պետք է դառնա մի մեծ պայմանական մամուլի կենտրոն, որը «մամուլի լուսաբանումներով միջազգային ավելի մեծ ուշադրություն պետք է հրավիրի Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա»:
Սա, ըստ էության, կառավարության դիվանագիտական ջանքերի ձախողման խոստովանություն է, անճարության դրսևորում, որովհետև Փաշինյանի նշած ֆունկցիան ոչ թե կառավարության, քաղաքական իշխանության ֆունկցիա է, այլ լրագրողի, խմբագրի գործառույթ:
Մյուս կողմից, սա Նիկոլ Փաշինյանի անձնական բարդույթների հետևանք է: Անգամ վարչապետության հինգ տարիներից հետո նա չի կարողանում հաղթահարել լրագրողի բարդույթը ու իրեն կոմֆորտ է զգում միջավայրում, որն իրեն հարազատ է:
Այլ խնդիր է, որ Փաշինյանի նման «արժեհամակարգը» վարկաբեկում է պետական ինստիտուտները:
Վահրամ Բագրատյան