ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել է Ուկրաինայի հարցը

Ուրբաթ օրը՝ մարտի 7-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է բանակցությունների միջոցով հասնել արդար և կայուն խաղաղության։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի համագործակցել Ֆրանսիայի հետ՝ այդ նպատակին հասնելու համար, գրել են ԶԼՄ-ները։
Բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպումից առաջ, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ Ջիդդա քաղաքում: Դրան կմասնակցեն Մարկո Ռուբիոն, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան նույնպես Ռուբիոյի հետ քննարկել է Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
«Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, և ԱՄՆ-ի ղեկավարությունն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»,- նշել է Սիբիգան։