Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար կհատկացվի 31,6 մլն դրամ

Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար կհատկացվի 31,6 մլն դրամ

31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության երկու մասնաշենքերի 12 սանհանգույցների հիմնանորոգման համար։ Կառավարությունն այսօր, չզեկուցվող հարցերի շրջանակում «սղացրեց» այս նախագիծը։

Ըստ հիմնավորման՝ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար (արական և իգական սեռի աշխատակիցները սանհանգույցները օգտագործում են ըստ կենտ և զույգ հարկաբաժինների):

Բացի այդ, նշվում է, որ այժմ կան սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, և հիմա գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում։

Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին բարվոք աշխատանքային պայմաններով: