Մարգարայի անցակետը պատրաստ է, բացման մասին խոսք չկա․ կբացվի՞ հայ-թուրքական սահմանը

Մարգարայի անցակետը պատրաստ է, բացման մասին խոսք չկա․ կբացվի՞ հայ-թուրքական սահմանը

Մարգարայի անցակետով Թուրքիայի հետ սահմանն առայժմ չի բացվել։ Բնակիչներից մեկը MediaHub-ին ասաց, որ հույս էլ չունեն, որ այն երբևէ կբացվի, թեպետ անցակետի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել վարչական ղեկավարի հետ, բայց Մարգարայի բնակիչն ասաց, որ գյուղում դեմ չեն սահմանի բացմանը, միայն թե այն օգուտ բերի Հայաստանի առևտրային շուկային։

«Տնտեսությունը պիտի զարգանա, հո միշտ խռով չպիտի՞ մնանք հարևանների հետ։ Բայց շատ կարևոր է, որ փոխադարձ հարգանքի ու խաղաղության հիման վրա բացվի սահմանային ճանապարհը»,- ասաց 42-ամյա տղամարդը։

Իր ունեցած տեղեկություններով՝ Մարգարայի անցակետի ու կամրջի վերանորոգման համար նախատեսված ծախսը 2 միլիոն դոլար է արժեցել, բայց՝ «անցակետը չի աշխատում, որովհետև Թուրքիան դեռ չի նախատեսում բացել սահմանը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի շուրջ»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Մարգարայի անցակետով վերջին երթը եղել է Հայաստանի կողմից մարդասիրական օգնության համար՝ մեղմացնելու Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ստեղծված աղետը։

«Երրորդ երկրների քաղաքացիներ ու դիվանագետներ, որքանով ես եմ տեղյակ, դեռ չեն անցել»։ 

MediaHub-ը կապ հաստատեց նաև Շիրակի մարզի Անիավան համայնքի վարչական ղեկավարի հետ։ Անիի կամուրջը, որի վերանորոգման մասին խոսվում էր վերջերս, պետք է Անիավանով միացնի «իրական ու պատմական» Հայաստանը։

«Ոչ մի աշխատանք դեռ չի իրականացվել, դրա մասին վաղուց չեն էլ խոսում, և նույնիսկ իմաստ էլ չկա այն վերանորոգելու։ Այդ գումարով կարելի է այլ կենսական նշանակության ծրագիր իրականացնել։ Անիի կամուրջի նորոգումն անհավանական եմ համարում։ Մանավանդ, որ դա պետք է ծառայի 3-րդ երկրների քաղաքացիներին»,- ասաց Մարտիրոս Միրոյանը։

Հունան Թադևոսյան