ՔՊ-ական Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է, Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել․ Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ական Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է, Զեյնալյանը հնազանդվել է, Աղազարյանը՝ դիմադրել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը: Մինչեւ հրապարակելը՝ նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների եւ ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին:

Թեեւ նրան եւս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել եւ «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար»:

 

«Հրապարակը» գրում է․ Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը: Ինչպես հայտնի է երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են: Զեյնալյանը հնազանդվել է անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի։ Արձանագրենք, որ վարչապետը՝ ինքը, հաշվետու է խորհրդարանին, որն ընտրում է նրան: Հակառակը` երբ ինքն է պարտադրում, որ դիմումներ գրեն, Սահմանադրության ոտնահարում է:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն կառավարական ճյուղում, այլ նաեւ ՏԻՄ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյեմբերի 12-ին կայացած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։

Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը կրկին չհերքեց թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը, բայց նաեւ չհաստատեց։ Պատգամավորը կրկին հետաքրքրվում էր ՔՊ վարչությունից ստացված մեր տեղեկությունների աղբյուրից, սակայն չէր անհանգստանում սեփական հեղինակության համար։

Մեր ուղիղ հարցին. «Ձեր թեստի արդյունքները դրակա՞ն են եղել, թմրանյո՞ւթ եք օգտագործել», ՔՊ-ական պատգամավորը չհերքեց, հարցն անպատասխան թողեց՝ հետաքրքրվելով՝ «փակ նիստից ո՞նց կարող եք դուք բաներ իմանալ»»: