Թշնամու ձեռագիրը հայտնի է. Բաքուն փորձում է լեգիտիմացնել սպասվող սադրանքն Արցախում

Թշնամու ձեռագիրը հայտնի է. Բաքուն փորձում է լեգիտիմացնել սպասվող սադրանքն Արցախում

Ադրբեջանը ջղաձգումների մեջ է։ Սրա պատճառը, թերևս արցախցու հանգստությունն է, որը 6 ամիս շարունակ շրջափակման մեջ լինելով՝ չի փոխվում։

Արցախում սպասողական վիճակ է՝ ոմանց մոտ լավատեսական, ոմանց մոտ օրհասական, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն իր շտապողական դիրքերը չի զիջում։ Եվ կարծես հող է նախապատրաստում:

Այսօր ադրբեջանական կողմը ակտիվորեն տարածում է, թե հայերը կրակել են իրենց սահմանապահ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վիրավոր է։ Ըստ այդ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտ։ Հատկանշականն այն է, որ այս մասին միայն ադրբեջանական մամուլն է խոսում։ Հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության մեջ նման տեղեկություն չկա։ 

Հարցին պետք է երկու կողմից նայել․ դեպքի իրական լինել-չլինելը, վստահաբար, բոլորին է հետաքրքիր։ Բայց պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը պարզապես Արցախի հայաթափման գործընթացի արագացման ճանապարհ է ընտրել, այսինքն, արհեստականորեն հիմք է ստեղծում սադրանքի համար, որ հարձակման անցի։ Քչերն են կասկածում, որ առավոտվանից ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից վիրավորի մասին լուրերի ակտիվ տարածումը հենց այդ նպատակը չի հետապնդում:

Այս տեսակյունից պարզ է, որ սա Ադրբեջանի հերթական սցենարն է օր առաջ Արցախը հայաթափելու իր քաղաքականությանը միս ու արյուն տալու համար։ Ժամանակ ձգելը Արցախի օգտին է, որը խանգարում է Ադրբեջանի նպատակներին։ 

Չպետք է մոռանալ, որ այս տեղեկությունը թշնամին է տարածում և այս պարագայում պետք է սառը դատել, էմոցիաներին չտրվել ու նաև թշնամու տարածածը հայկական սոցցանցերում չհրապարակել։ Այսպիսով մենք առիթ ենք տալիս, որ թշնամին գործողությունների գնա և «լեգիտիմ» հիմք ունենա դրա համար։ Ադրբեջանցուն նոր չենք ճանաչում, նրա ձեռագիրը մեզ համար պետք է որ խորթ չլիներ։ 

Սադրանքը սադրանքի հետևից․ սա նրանց տրամաբանությունն է, որ մեր հասարակությանը հրամցվի տեղեկություն, որը հնարավոր է որևէ աղերս չունի իրականության հետ։ Մեզ զգոն լինել է մնում․ արցախցուն օգնելու միակ տարբերակը ապատեղեկատվությունը օրակարգ չբերելն է։

 

Լիաննա Թորոսյան