Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից արձագանքեց ընդդիմության այն հայտարարություններին, թե Արցախի հարցով իշխանության մոտեցումները խուսափողական են։ 

Նա նշեց, որ ինքը կհամաձայներ այդ մտքին, եթե այն հնչեր, օրինակ, մեկ ամիս առաջ։

«Կարծում եմ, որ ՌԴ նախագահի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում արած հայտարարությունները էական էին, որ մենք մի շարք հարցեր պարզաբանենք ու արձանագրենք, որ ՀՀ քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով կոնսենսուսային վիճակ է։ Խոսքն այն մասին էր, թե ՀՀ կառավարությունն ինչ մոտեցում ունի ՌԴ առաջարկներին, որոնք, հետո պարզվեց, ասում էին՝ ԼՂ կարգավիճակի հարցը անորոշ ժամկետով պիտի հետաձգվի»,- ասաց Փաշինյանը։ 

Նա հիշեցրեց, որ այդ առաջարկին ՀՀ կառավարությունը շատ արագ արձագանքել է․ 

«Ես կարող եմ ասել, որ ՀՀ կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, բայց դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով»։ 

Փաշինյանն ասաց, որ այսօր կառավարության դիրքորոշումն այն է, ինչ պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել։ 

«Եթե հիմա ընդդիմությունն այլ կարծիքի է, և մտածում է, որ պետք է մերժել ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ այդ մասին բարձրաձայն հայտարարի»,- նշեց նա։ Բացի այդ, Փաշինյանն առաջարկեց, որ ընդունեն՝ ինչպիսին է անվտանգային իրավիճակը մեր տարածաշրջանում։ 

«Այո՛, մենք տեսնում ենք որոշակի լարվածություն։ Բայց ուզում եմ մի քանի շեշտադրում անել, օրինակ, թե ինչպիսին է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Կան լարվածություններ, որոնք կապված են կոնկրետ իրավիճակների հետ։ Մեր դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան մեր օկուպացված տարածքներից, ետ քաշվելով 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։ Ըստ էության, միջազգային հանրությունը պաշտպանում է մեր այդ դիրքորոշումը, և հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն էլ դա կանի։ Զարմանալի է, թվում է, թե առաջինը ՀԱՊԿ-ը պետք է դա աներ ու պաշտպաներ մեր այդ դիրքորոշումը։ Հույս ունեմ, որ նոյեմբերի 23-ին տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթաժողովին այս կոնսենսուսը կարձանագրենք։ Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել»,- շեշտեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։