Սև ամպեր ՀՀ իշխանության գլխին. ի՞նչ է հուշում հայ-ռուսական հարաբերությունների թվացյալ restart-ը

Սև ամպեր ՀՀ իշխանության գլխին. ի՞նչ է հուշում  հայ-ռուսական հարաբերությունների թվացյալ restart-ը

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին աղմկահարույց հայտարարությունից հետո, որով նա փաստացի խոստովանեց, որ ԵՄ-ն գալիս է ռուսական զորքերի տեղաշարժը վերահսկելու, ինչին Հայաստանը դեմ չէ, հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում որոշակի տեղաշարժեր են նկատվում: 

Դժվար չէ կռահել, որ մեզ համար այդ տեղաշարժերը դրական սպասելիքների տեղ չեն թողնում. այս հայտարարությանը հաջորդած արձագանքները, ինչպես նաև այն, որ արդեն 66 օր է, ինչ Արցախը շրջափակված է ու որևէ նախադրյալ չկա, որ  առաջիկայում իրավիճակ է փոխվելու, դա են վկայում: Հայաստանյան իշխանությունները ձեռքերը լվացել են այս խնդրից ու, կարծես, ավելի բացահայտ են ի ցույց դնում այն, որ ՌԴ  նկատմամբ կուրս են փոխում: Ավելին, փորձում վերադասավորումներ անել Արցախում՝ Արայիկ Հարությունյանի ձեռամբ, ում թուլության պատճառով Երևանը կորցրել է հսկողությունը  պաշտոնական Ստեփանակերտի վրա: Այդ է հուշում նաև այն, որ շրջափակման 66 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց չի ունեցել ո՛չ Արայիկ Հարությունյանի, ո՛չ էլ, առավել ևս, Ռուբեն Վարդանյանի հետ:

Սակայն վերադառնանք հայ-ռուսական հարաբերություններում նշմարվող փոթորկին. ակնկալվում էր, որ Փաշինյանի հայտարարությունից հետո Մոսկվան արձագանքելու է, ընդ որում՝ կոշտ տոնայնությամբ: Առաջին արձագանքը հաջորդ օրն իսկ եղավ՝ փետրվարի 9-ին Երևան ժամանեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը: Տեղի ունեցավ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, և դատելով պաշտոնական լուսանկարներից՝ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում. Փաշինյանի ու Միրզոյանի դեմքի արտահայտությունը դա է հուշում: Այնուհետև Խովաևը առանձին հանդիպումներ ունեցավ նաև ԱԳ նախարարի հետ և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Նման դեպքերում, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է քննարկվել փակ դռների ետևում, պաշտոնական հաղորդագրություններին հիմնվելը սխալ մոտեցում է: Հարկ է վերլուծել, թե ինչ է կատարվում այդ սահմաններից դուրս, ինչ իրադարձություններ են հաջորդում մեկը մյուսին: Այդպես, օրինակ, Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը.

«Հիմքեր կան ենթադրելու, որ առաքելությունը ամբողջությամբ «քաղաքացիական» չի լինելու։ Այս առաքելության մեջ կընդգրկվեն ֆրանսիացի ժանդարմներ։ Եվ ընդհանրապես, առաքելությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության վարողն է, այլ ոչ թե քաղաքացիական դաշտում»,- ասել էր ՌԴ դեսպանը՝ ընդգծելով, որ ԵՄ նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։

Սրան հաջորդեցին նաև հեռախոսազրույցներ ռուսական կողմի հետ՝ Արարատ Միրզոյանը զանգահարեց Սերգեյ Լավրովին, ապա ՊՆ Սուրեն Պապիկյանը՝ Շոյգուին: Իսկ հետո Խովաևը մեկնեց Բաքու ու հանդիպում ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Որից հետո տեղի ունեցավ հեռախոսազրույց Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև:

Փաշինյանի հետ հեռախոսազրույց ո՛չ երեկ, ո՛չ այսօր դեռ չի եղել: Վերջին հեռախոսազրույցում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև տեղի է ունեցել հունվարի 31-ին:

Իսկ արդյոք այս ակտիվությունը, բարձրաստիճան պաշտոնյայի այցը, բարձր մակարդակի հեռախոսազրույցները վկայում են, որ գործընթացներն ակտիվանում են ու Մոսկվան փորձում է թելադրողի դերակատարումը վերադարձնել: Եվ առաջիկայում կարելի է սպասել Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման: 

MediaHub-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություն չտրամադրեց.

«Ես նման ինֆորմացիա չունեմ»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ սպասվում հանդիպում, Խաչատրյանն արձագանքեց․ «Ես չասացի, որ չի նախատեսվում, ինքս նման տեղեկություն չունեմ»,- նշեց նա։

Նշենք, որ վերջին անգամ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Այս հանդիպումից երեք օր անց Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը և մինչ օրս, արդեն 66 օր, Արցախը աշխարհից կտրված է: