Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանը նշեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ 

«Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։ Երեկ է նախաձեռնվել, վարույթը դեռ նոր է, բնականաբար քննչական գործողությունները նոր են սկսվում, այլ մանրամասներ դեռ չեմ կարող տրամադրել»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին  Երևանի ավագանու նիստի ընթացքում  վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել  «Հանրապետություն» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։ 

Նիստերի դահլիճում միմյանց վրա ջուր շփելուց, մազեր քաշելուց հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղիղ հեռարձակումն անջատել  տվեց, որից հետո վեճը և ծեծկռտուքը շարունակվեց՝ հասնելով միջանցք, հետո այլ հարկեր։ Հնչել են փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ։ 

Լիաննա Թորոսյան