Մանուչարյանին ազատություն եմ մաղթում, բայց իմ հաղթանակն անխուսափելի է․ Բերդի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Վահրամ Սուքիասյանը՝ սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին

Մանուչարյանին ազատություն եմ մաղթում, բայց իմ հաղթանակն անխուսափելի է․ Բերդի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Վահրամ Սուքիասյանը՝ սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին

Սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված։ MediaHub.am-ը համայնքից տեղեկացավ, որ այս պահին համայնքի ղեկավարի երկու թեկնածուի անուն է դեռ հայտնի, առաջինը ներկայիս համայնքապետ Հարություն Մանուչարյանն է, որն այս պահին կալանավորված է։

Մյուս թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր‎» կուսակցության անդամ Վահրամ Սուքիասյանն է, որը նախկինում եղել է Բերդ համայնքի ավագանու անդամ, սակայն այս տարի մայիսի 19-ին վերջինս դադարեցրել է լիազորությունները՝ տեղափոխելով ՄՍԾ Բերդի տարածքային կենտրոն, որպես տնօրեն։ MediaHub.am-ի հետ զրույցում Սուքիասյանը նշեց, որ 44 տարի Բերդում ապրելով` տեղյակ է համայնքի բոլոր խնդիրներին և իր ծրագրերը միայն համայնքի օգտին են ծառայելու։

«‎2018 թվականից հետո մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները պետք է նպաստեն նրան, որ հանրությունը ձայնն ինձ տա, ես ավելի քան վստահ եմ, որ այդպես է լինելու և հաղթանակն անխուսափելի է, որովհետև ես 44 տարի ապրել եմ, 20 պետական ծառայող եմ եղել, ժողովրդի հետ եմ եղել, բոլորին դեմքով ճանաչում եմ, բոլորն էլ ինձ ճանաչում են, հարգում են, հետևաբար, ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա։

Հարցին, թե ինչպես է պատկերացնում մրցակցությունը Հարություն Մանուչարյանի հետ, որը Բերդի համայնքապետի պաշտոնում է 2012 թվականից՝ վերջինս պատասխանեց, որ նա ևս տեղյակ է համայնքի առաջնահերթ խնդիրերին, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտն է, ըստ նրա՝ գրեթե ամեն ոլորտում խնդիրներ կան և փոփոխությունների ու վերակազմավորման կարիքն ակնհայտ է։ Խոսելով ներկայիս համայնքապետի կալանավորման մասին՝ Սուքիասյանն արձագանքեց․

«‎Հարություն Մանուչարյանին ազատություն եմ մաղթում, մնացյալի մասին չխոսեմ»։

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանին նախորդ տարի մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիք)։

Լիաննա Թորոսյան