Որքա՞ն գումար է ծախսելու Երևանը նոր տարվա միջոցառումների համար

Երևանի քաղաքապետարանն այս տարի բավականին ակտիվորեն է պատրաստվում ամանորյա միջոցառումներին։
Ծննդյան տոներին ընդառաջ Հայաստանը տասնվեց երկրից հյուրեր է ունենալու։ Հիշեցնենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլը մեր երկրում է անցկացվելու, ուստի, ավելի մեծ ջանասիրությամբ է քաղաքային իշխանությունը նախատոնական պատրաստություն տեսնում։
MediaHub-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ միայն մշակութային միջոցառումների ու Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման համար 175 մլն դրամ է հատկացվելու քաղաքային բյուջեից։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքը տոնական զարդարանք է ստանում. ինչպես հայտարարվել է՝ դեկտեմբերի 5-ին վառվելու են գլխավոր տոնածառի լույսերը, այն էլ 16 երկրների պատվիրակների կողմից։
Բայց թե կոնկրետ տոնական զարդարանքի համար որքան գումար է հատկացվել քաղաքային բյուջեից, դեռ հայտնի չէ։ MediaHub.am-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, և պատասխանը ստանալուն պես այն կհրապարակի։
Նարե Գնունի