Ինչո՞ւ էին փակել ճանապարհը Պռոշյանի և Քասախի բնակիչները․ ո՞րն է իրենց պահանջը

Ինչո՞ւ էին փակել ճանապարհը Պռոշյանի և Քասախի բնակիչները․ ո՞րն է իրենց պահանջը

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել էին Երեւան-Աշտարակ ճանապարհը:

Քաղաքացիները բողոքում էին տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։

Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով, և այլ երթուղով։

«Մեր պահանջն է, որ չմտնեք մեր գրպանը, չդադարեցնեք նախկին երթուղին։ Եթե չանեք, նստացույց ենք անելու այստեղ։ Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ, մնանք»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Երկուշաբթի պռոշյանցիները 20 հոգանոց թիմով կհանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։

MediaHub-ը կապ հաստատեց Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի հետ, հասկանալու՝ արդյո՞ք նա կիսում է ժողովրդի պահանջը, և ի՞նչ են պատրաստվում նախաձեռնել, եթե կառավարույթունից մերժեն իրենց պահանջը։

Նախ, համայնքի ղեկավարը նշեց, որ բնակիչները բողոքում էին ավելի շատ ոչ թե թանկացման դեմ, այլ որ 25 համարի ավտոբուսը, որ աշխատում է գյուղում, դուրս չգա։

Հարցին, թե արդյո՞ք համայնքի ղեկավարը սատարում է բնակիչների պահանջներին, նա MediaHub–ին հավաստիացրեց․ «Ես իմ ժողովրդի հետ եմ ամեն դեպքում, բայց որոշումը կկայացնեն համապատասխան մարմինները` այդ ավտոբուսները դուրս կգա՞ն, թե՞ ոչ։ Երկուշաբթի օրը, կառավարության հետ հանդիպմանն անձամբ գնալու եմ ժողովրդի հետ»։

Մեր հարցին, թե եթե մերժեն կառավարությունից, արդյո՞ք կշարունակվեն ակցիաները, նա նշեց, որ այս պահին չի կարող ասել մինչև չհանդիպեն ՏԿԵ փոխնախարարի հետ։

Գաբրիելյանը պարզաբանեց, որ այդ ավտոբուսը, որը նոր են բերել, երթևեկելու է այլ երթուղով, իսկ  25 համարի ավտոբուսը հասնում է մինչ Հաղթանակի այգի (Մանումենտ), և այս պահին ոչ թե քննարկվում են գնային փոփոխությունները, այլ երթուղու փոփոխությունը։

Մարիաննա Արամյան