«Կոլխոզնիկ» դիվանագետն ու «կոլխոզի» խոսնակը․ Միրզոյանն ու Անին ԱԳն-ն վերածել են իրենց անձնական դուքյանի

«Կոլխոզնիկ» դիվանագետն ու «կոլխոզի» խոսնակը․ Միրզոյանն ու Անին ԱԳն-ն վերածել են իրենց անձնական դուքյանի

Հայաստանի դժբախտությունը միայն Նիկոլ Փաշինյանը չէ՝ իր ամբողջ հակահայկական և հակապետական կերպարով, մեր դժբախտությունը նաև Փաշինյանի նշանակած կադրերն են, որոնք երբեմն իրենց շատ ավելի ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, ոչ կոմպետենտ ու անադեկվատ են պահում, քան հենց ինքը՝ Փաշինյանը։ Ու այդ կադրերը, ցավոք սրտի, զբաղեցնում են մեր երկրի համար առանցքային կարևորություն ունեցող պաշտոններ։ Այդ անձանցից մեկն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, որն այդ կառույցը բառացիորեն վերածել է սովետական կոլխոզի, ինքն էլ իրեն դրել է կոլխոզի դիվանագետի տեղ ու «կոլխոզնիկի» դեմքով ու պատկերացումներով է իր հարաբերությունները կառուցում թե՛ դրսում՝ միջազգային գործընկերների հետ, թե՛ ներսում՝ ընդդիմության և իրեն հարցեր տվող լրագրողների հետ։  

Միրզոյանի նման ոչ պակաս «կոլխոզի» դիվանագետ է նաև իր խոսնակը՝ Անի Բադալյանը, որը չհասկացանք, թե որտեղից ու ինչպես է հայտնվել ԱԳՆ-ում, այն էլ՝ մամուլի խոսնակի բարդ ու պատասխանատու պաշտոնին, քանզի ոչ մի համապատասխան փորձառություն, գիտելիք և անցած ճանապարհ չունի այս պաշտոնի համար։ Ու եթե իր շեֆ Միրզոյանը իր չունեցած գիտելիքներով ու դիվանագիտական զրո աստիճանով, գումարած՝ իր հոգում ծվարած նիկոլիզմը, պատուհաս է դարձել մեր երկրի արտաքին հարաբերություններում, ապա Անի Բադալյան անունով խոսնակն էլ իսկական պատուհաս է դարձել մամուլի համար և լրագրողների հետ հարաբերություններում։

Այս ամենում մենք հերթական անգամ համոզվեցինք այսօր՝ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, երբ անհաջող կերպով «կռուտիտ» էր անում Արարատ Միրզոյանը ընդդիմադիրների հարցերին պատասխանելիս, իսկ դրանից հետո թե՛ ինքը, թե՛ խոսնակը չափազանց անտակտ ու դիվանագետին ոչ հարիր կերպով պահեցին արդեն լրագրողների հետ շփման ժամանակ։

Նախ, մինչ Միրզոյանը կխոսեր, մենք մի ճշտող հարցով մոտեցանք նրա խոսնակ Անի Բադալյանին՝ հետաքրքրվելով, թե նախարարն արդյոք պաշտոնապես հայտարարե՞լ է, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մեջ քանի՞ կետ կա, որ անհամաձայնեցված է, քանի որ ուշ էինք հասել դահլիճ և չէինք լսել Միրզոյանի խոսքն ամբողջությամբ։ Խոսնակը, սակայն, մեր քաղաքավարի հարցին ի պատասխան՝ բավականին կոշտ ու անտակտ արձագանք տվեց, թե՝ «լսեիք՝ իմանայիք, ես պարտավոր չեմ Ձեր հարցին պատասխանել» ու այս կարգի այլ ձևակերպումներ։ Զգացինք, որ Բադալայանն ակնհայտ խնդիր ունի լրագրողների հետ կոմունիկացիայի, և այդ մասին հիշեցրինք իրեն, որ դիվանագիտական չէ այդպես շփվել լրագրողների հետ։ Նա էլ խոստովանեց, որ դիվանագետ չէ՝ ընդամենը խոսնակ է․ երևի ուզում էր հիշեցնել, որ իրենից դիվանագիտական շփում պետք չէ ակնկալել, ինքն ընդամենը խոսնակ է, ու կարող է այդպես «չոբանավարի» էլ պատասխանել մեր հարցերին, ինչն իրեն՝ որպես իգական սեռի ներկայացուցչի առնվազն, սազական չէր, բացի այդ՝ իր պահվածքով նա խայտառակում ու ստվերում է  նաև խոսնակների ինստիտուտը։ Բայց դա իր խնդիրն է, թող իր շրջապատը մտածի այդ մասին, մենք ընդամենը ակնկալում ենք, որ Բադալյանը՝ որպես ԱԳՆ խոսնակ, իր գործառույթները պատշաճ կատարի, հատկապես, որ նրանից դժգոհությունը շատ մեծ է լրատվական դաշտում։ 

Նա, առհասարակ, շատ վատ է շփվում լրագրողների հետ, զանգերին նորմալ չի պատասխանում, ըստ երևույթին՝ իրեն ինչ-որ բարձունքում է երևակայում, վերևից է նայում մարդկանց։ Ու քանի որ գործի բերումով էլ հաճախակի «պատիվ է ունենում» իր նախարարի մասնակցությամբ հանդիպումներին Ալիևի ու այլ երկրիների ղեկավարների հետ նույն սեղանի շուրջ նստել, դրանից երևի «զվյոզդը տարել է»։ Կարճ ասած՝ իրեն ձև տված խոսնակ է, որը զրո գիտելիք ու պատկերացում ունի մամուլի հետ հարաբերությունների մասին ու այդ ամենը պատկերացնում է միայն իր շեֆին հաճոյանալու տեսքով։

Անիի հետ անհաջող շփումից հետո եկավ իր ղեկավարի հերթը։ Երբ նրան շրջապատեցին լրագրողները, որ մի քանի հարց տան, մենք էլ՝ որպես MediaHub-ի ներկայացուցիչ, հարց ուղղեցինք նրան, թե ինչո՞ւ գոնե որոշ չափով չի հրապարակայնացվում խաղաղության պայմանագրի համաձայնեցված կամ չհամաձայնեցված կետերը, որպեսզի հանրությունն էլ իմանա՝ ինչի շուրջ են բանակցում Հայաստանի իշխանությունները։ 

«Ես վստահ եմ՝ հենց էդպես էլ կլինի»,- կարճ արձագանքեց Արարատ Միրզոյանը։

Հարցրինք, թե այդ դեպքում ինչո՞ւ չի հրապարակվում՝ գոնե որոշ չափով, թե, օրինակ, ինչ պետք է զիջի Ադրբեջանը, ինչ պետք է զիջի Հայաստանը կամ էլի զիջելու բան ունե՞նք, թե՞ չունենք։ Նաև հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին Հրապարակում հեղափոխական զանգվածին վստահեցնում էր, որ ժողովրդից թաքուն որևէ բան չի անի, ինչ ստորագրելու լինի՝ անպայման բոլորի աչքի առջև դա կանի։

Միրզոյանը հարցին բովանդակային պատասխանելու փոխարեն սկսեց գնահատականներ հնչեցնել մեր ու մեր հարցի վերաբերյալ․ «Դուք խիստ թյուր պատկերացում ունեք դիվանագիտական բանակցությունների մասին»։

Նրան խնդրեցինք գնահատական չհնչեցնել․ «Ես շատ լավ պատկերացում ունեմ, իսկ Ձեր պատկերացման արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին, խնդրում եմ՝ գնահատական մի՛ տվեք»։

ԱԳ նախարարին դուր չեկավ մեր կողմից ընդամենը չոր փաստի արձանագրումը, և փրփրեց մեր դիտարկումից ու սկսեց վրա տալ․ «Դե, հիմա նայեք, սիրելի գործընկերներ, դուք հարց էիք ուզում տայիք, հարցի փոխարեն ես ստանում եմ քաղաքական ելույթ, ես ուզում եմ ասել, որ Ձեր վերջին դիտարկման հետ կապված՝ ես կարծում եմ, որ Դուք կատարելապես սխալ եք և նույնիսկ ավելին՝ ընդհանրապես ոչինչ չեք հասկացել»։

Այս խոսքերից հետո Արարատ Միրզոյանը բառացիորեն փախավ լրագրողներից, քանզի նրան ընդամենը առիթ էր պետք՝ խուսափելու մեր հարցերից և «ծլկելու» տարածքից։

Հետո նորից եկավ խոսնակ Անիի հերթը, քանի որ նա, արդեն ոգևորված իր շեֆի պահվածքից, սկսեց նորից գնահատականներ հնչեցնել մեր ու մեր մյուս գործընկերների պահվածքի վերաբերյալ։ Այս անգամ, սակայն, արդեն լրագրողները նրան «դաս տվեցին», թե ինչպես պետք է աշխատել մամուլի ներկայացուցիչների հետ և ամենակարևորը՝ ինչպես չի կարելի շփվել լրագրողների հետ։

Օրինակ՝ ընդդիմադիր հեռուստաընկերության լրագրողներից մեկը նրան հանգամանալից նախատեց, թե ինչպես է Անի Բադալյանը դաշտը բաժանել յուրայինների ու ոչ յուրայինների և չի պատասխանում իր զանգերին, քանի որ կարծում է՝ «ինքը ԱԳն-ի հետ չի աշխատում»։ Մենք էլ կողքից ավելացրինք, որ ԱԳՆ-ի լավագույն խոսնակը վերջին գոնե տասը տարվա կտրվածքով եղել է Աննա Նաղդալյանը, որը միշտ հասանելի էր լրագրողների համար, «ձև տված» չէր, բոլորիս հարցերին նորմալ պատասխանում էր, մշտապես կապի մեջ էր ու երբեք տարբերություն չէր դնում, թե որ լրագրողը որ լրատվամիջոցից է։

Եւ սա միայն MediaHub-ի կարծիքը չէ, Աննա Նաղդալյանի մասին դաշտում բոլորն են դրական արտահայտվում ու երանությամբ են հիշում նրա հետ համագործակցության շրջանը։ Իսկ հիմա Անի Բադալյանն ու իր շեֆը այս կարևոր դիվանագիտական կառույցը դարձրել են բառացիորեն իրենց ու իրենց նմանների անձնական «դուքյանը» կամ ուղղակի կոլխոզ՝ դրանից բխող բոլոր ատրիբուտներով։

Միրզոյանի հետ մեր կարճ շփման տեսանյութը՝ այստեղ 

Վահե Մակարյան