ՔՊ-ն շարունակում է ուզուրպացնել ՏԻՄ-ը

ՔՊ-ն շարունակում է ուզուրպացնել ՏԻՄ-ը

Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն օրերս դիմել է կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները, քանի որ արդեն երեք ամիս նիստեր չեն կայացել:

Օրենքը ենթադրում է, որ երեք ամիս անընդմեջ նիստերը տապալվելու դեպքում կառավարությունը կարող է ցրել ավագանին ու նոր ընտրություններ նշանակել։

Այս դեպքում կառավարությունը օրենքի տրամաբանությունը չի հարգելու, որովհետև ՔՊ-ն Ալավերդիում իշխանությունը զավթելու նպատակ ունի:

Մեկ տարի առաջ տեղական ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» և ՀԱԿ կոալիցիան, մեկ ձայնի տարբերությամբ առավելություն ունեցավ ՔՊ-ի նկատմամբ ու համայնքապետ ընտրեց Թամազյանին:

Անցած երկու տարիներին մի շարք համայնքներում ընդդիմությունը հաղթանակ է տարել, սակայն ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած «աննախադեպ ժողովրդավար» Փաշինյանն այս փաստը չի հանդուրժում, և հիմա ՔՊ-ն խնդիր է դրել ամբողջովին ուզուրպացնել ՏԻՄ մարմինները:

Ալավերդին բացառություն չէ: Բայց այսօր կենտրոնանում ենք այս համայնքի վրա, որովհետև ՔՊ-ն կարողացել է «Ապրելու երկիր» խմբակցությունից «հավաքագրել» մեկ մարդու, ավագանիում փոխել է ուժերի բալանսը և մտադիր է երեքշաբթի անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամազյանին՝ նրան փոխարինելու յուրայինով:

Ընդ որում, ուշագրավ է, որ «ժողովրդավարական օազիս» Հայաստանում այս գործընթացն ուղղորդում է Նիկոլ Փաշինյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի միջոցով, որը սահմանին խրամատներ կառուցելու փոխարեն՝ դա անում է երկրի ներսում:

ՔՊ-ն, «հերոսաբար» կգրավի Ալավերդին ու սա է Նիկոլի պատկերացումը ժողովրդավարության մասին:

Վահրամ Բագրատյան