Անդոյի դիրքերը սասանվում են, «ալենականներինը»՝ ամրանում, Արգելել են իշխանություններին քննադատել. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական վերնախավը շարունկում է ներսից իրար ուտելու գործընթացը։ Այս ֆոնին Անդրանիկ Քոչարյանի դիրքերը սկսել են թուլանալ, ուժեղանում է ալենական թիմը։
ՔՊ-ականների խոսքով Ալենը իր թիմ է բերել նաեւ պատգամավոր Հայկ Սարգսյանին, հայտնի դեպքերից հետո շեֆի մոտ գործընկերոջ համար դոշ տալու հաշվին։ Ինչը գնահատվել է Սարգսյանի կողմից, որպես ընկերական ժեստ։
Սրան զուգահեռ, սակայն, Անդրանիկ Քոչարյանի թիմն է սկսել թիմի «վոժդ» հռչակածից հեռու խաղալ։ Ինչը նկատվել է վերջինիս կողմից ու ստացել համապատասխան չոր արձագանք»:
«Հրապարակը» գրում է․ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել Ռադիոյում: Այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են Ռադիոյի աշխատողներին՝ ուշադիր կարդալ նոր պայմանագրերը եւ հետեւողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։
Մեզ պատմեցին, որ պայմանագրում հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում զգուշացումներից հետո կազատվեն աշխատանքից։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն Փաշինյանը հիմա ինքն է ցանկություն հայտնել հանդիպել հայտնի կամանդյուշիի հետ։ Նույն աղբյուրների համաձայն վերջինիս մոտ որպես բանագնաց ուղարկել է ոչ ավել ոչ պակաս Անդրանիկ Քոչարյանին։
Ասում են, սակայն, կամանդյուշին իրեն վայել քմծիծաղով ճանապարհել է բանագնացին ասելով, թե հստակ պայմանների դեպքում կհանդիպի։ Իսկ մտերիմ շրջապատում էլ գլուխ է գովացել, թե սպասեք, մեգապլան եմ գծել»: