Իսկ ինչի՞ց է մահանում Նիկոլ Փաշինյանը

Այսօր ՔՊ-ական մի պատգամավոր, Արուսյակ Ջուլհակյան անունով, Ազգային ժողովում ընդդիմությանը հորդորդում էր կոռուպցիայից չխոսել, քանի որ, ըստ այս պատգամավորի, ամեն անգամ, երբ ընդդիմադիրները խոսում են կոռուպցիայից, աշխարհի մի անկյունում ժպիտով մահանում է մի փոքրիկ Հովիկ Աբրահամյան։ Ընդհանրապես կոռումպացված է Հովիկ Աբրահամյանը, թե՝ ոչ, դա իր ու իրավապահ մարմինների պարզելիք խնդիրն է։ Բայց եթե նույնիսկ նա կոռուպցիայի Աստվածն է, հիմնադիր հայրը կամ քայլող կոռուպցիոն համակարգ, ապա դա չի ստվերում կոռուպցիայի այն չափսերը, որոնք առկա են այսօրվա ռեժիմի օրոք ու առավել ևս դա ընդդիմադիրներին լռեցնելու փաստարկ չէ։
Այս իշխանությունների կողմից ատելի ռուսները մի լավ խոսք ունեն. «Чья бы корова мычала, а твоя бы молчала»։ Եթե Հովիկ Աբրահամյանի մահվան պատճառ կարող է դառնալ միայն ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող կոռուպցիա բառը, ապա Նիկոլ Փաշինյանը թերևս ինքն է խոստովանել, որ արդեն մի 100 անգամ մահացել է ու հարություն առել։ Այո՛, Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ թերևս ճշմարտության մասնիկ կա։
Բայց ինչի՞ց է այդքան հաճախ մահանում նա, որո՞նք ենք Փաշինյանի մահվան պատճառները։ Գլխավորապես Նիկոլ Փաշինյանին մահվան են հասցնում հենց ՔՊ-ականները։
Ամեն անգամ, երբ որևէ ՔՊ-ական խոսում է հայրենիքից, ժպիտով մահանում է մի Նիկոլ Փաշինյան, հիշելով, որ հանձնել է մեր հայրենիքի մի մասը։ Ամեն անգամ, երբ որևէ ՔՊ-ական խոսում է պետությունից ու պետականությունից, մահանում է մի Նիկոլ Փաշինյան, հիշելով, որ իր համար պետությունը պայմանավորված է միայն ուտելով։ Ամեն անգամ, երբ Աննա Հակոբյանը խոսում է կրթությունից, կրկին մահանում է մի Նիկոլ Փաշինյան, հիշելով, որ կրթություն չունի։ Ամեն անգամ, երբ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում է բարեվարքությունից, Ազգային ժողովում մահանում է հերթական մի Նիկոլ Փաշինյան՝ «համբալ» բառը շուրթերին ու ձեռքով վիզը կտրելու շարժում անող։ Ամեն անգամ, երբ ելույթ է ունենում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, նորից մահանում է մի Նիկոլ Փաշինյան, ընդդիմադիրների նկատմամբ կալանքի վճիռներն աչքի առաջ։
Ամեն անգամ, երբ որևէ ՔՊ-ական խոսում է ընտանեկան արժեքներից, տանը մահանում է մի Նիկոլ Փաշինյան, հիշելով, որ ո՛չ Աստծո, ո՛չ էլ երկրային օրենքներով կին չունի։ Ամեն անգամ, երբ որևէ ՔՊ-ականի կինը, ամուսինը, եղբայրը, քույրը, հայրը, մայրը, քավորը, սանիկը…նշանակվում են որևէ պաշտոնի, մահանում է մի Նիկոլ Փաշինյան, հիշելով իր հարազատների առկայությունը տարբեր պաշտոններում։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը մտնում է եկեղեցի, մահանում է մի Նիկոլ Փաշինյան, մտաբերելով իր ամբողջական հարձակումը հայ Առաքելական Եկեղեցու նպատմամբ։ Ամեն անգամ, երբ հնչում է ՀՀ օրհներգը, մահանում ու մահանում է մի Նիկոլ Փաշինյան՝ մեր պատմության, ազգային արժեքների ու երազանքների, պետական խորհրդանիշների, Սահմանադրության, ինքնիշխանության, պետական սահմանների ոտնահարման պատճառով։
Նիկոլ Փաշինյանի մահվան պատճառները բազմաթիվ են, հանցանքները նույնպես, ու երբ Արուսյակ Ջուլհակյանը ընդդիմությանը համեմատում է մարդասպան Չիկատիլոյի հետ, վերջնականորեն, առանց հարություն առնելու իրավունքի մահանում է մի Նիկոլ Փաշինյան, հիշելով, որ ինքը 5000 մարդ զոհեց միայն այն բանի համար, որ իրեն դավաճան չասեն։
Կարեն Կարապետյան