Որպես «շահառու», հավաստագիրը ձեռքիս կես տարի է իրացնել չեմ կարողանում․ բնակապահովման ծրագիրը ձախողված է

ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար մշակված, ուժի մեջ մտած բնակապահովման ծրագիրն այդպես էլ չի իրացվում շահառուների շրջանում։ Արցախից 2023-ի սեպտեմբերին տեղահանված մեր հայրենակիցների զգալի մասը ունի չլուծված բազմաթիվ խնդիրներ։ MediaHub-ի զրուցակիցը, սակայն, առանձնացնում է կարևորը՝ բնակարանով ապահովումը։
«Ամուսինս զինծառայող էր։ Տեղահանվելուց հետո երկընտրանքի առաջ չենք կանգնել, Արցախից հետո, բնականաբար, պետք է մնայինք Հայաստանում, սա իմ ու ամուսնուս որոշումն էր։ Երեխաները հարմարվել են դպրոցին, հրաշալի ուսուցիչների շնորհիվ արագ ինտեգրվել են։ Վերջապես ձեռք բերեցինք մեր սեփական տանիքն ունենալու երաշխիքը՝ սերտիֆիկատ, որը իրացնել չեմ կարողանում, անհիմն ու աննպատակ քաշքշուկ է սկսվել, որի վերջը դեռ չի երևում։ Որպես «շահառու», հավաստագիրը ձեռքիս կես տարի է դռնեդուռ ենք ընկել, բայց հարցս չի լուծվում։ Բնակապահովման ծրագիրը ձախողված է»,-ասում է Մարգարիտ Ստեփանյանը։
Մարգարիտն ու ամուսինն իրենց նոր հասցեն Հրազդանում են պատկերացնում, տուն են հավանել, հավաստագիրը ստացել, սակայն, բախվել են խնդիրների թե՛ բանկերի և թե՛ սեփականատիրոջ հետ։
«20 միլիոն դրամին համարժեք սերտիֆիկատով անհնար է բնակարան գտնել Հրազդան քաղաքում։ Մարդիկ թանկացրել են գները՝ հաշվի առնելով, որ պետությունն օգնում է։ Եթե Երևանում, օրինակ, ցանկանանք տուն գնել, ապա տրամադրվող 15 միլիոն դրամով ընդհարապես հնարավոր չէ նույնիսկ մեկ սենյականոց տուն գտնել, կամ հողատարածք գնել՝ զրոյից սարքել։ Դրա համար փորձել ենք բանկային հիփոթեքային ծրագրից օգտվել․... բանկը պահանջում է աշխատավարձի թուղթ, ներկայացնում ենք, ասում են քիչ է, մերժում են»,-ասաց նա։
Բարձր աշխատավարձով աշխատանք առայժմ չի կարողանում գտնել Ստեփանյանների ընտանիքը։ Մարգարիտի ամուսնու մայրը, որ նոր է վերադարձել ՌԴ-ից, արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, սակայն սոցնախարարությունը հնարավորություն չի տալիս վերջինիս ընդգրկվելու որդու ընտանիքի հետ, առանց պատճառի։ Հետևաբար, նա պետք է առանձին հավաստագիր ստանա՝ 5 միլիոն դրամին համարժեք։
«Շատ հարցեր անպատասխան են մնում սոցնախարարության աշխատակիցների անտեղյակության պատճառով։ Մի մեծ ճանապարհ ենք անցել մինչև լուծվել է բանկերի հետ մեր խնդիրները։ Օրինակ, շրջափակման ժամանակ մեր չմարված վարկերը տեղահանությունից հետո ներվել են, սակայն, իմ և շատ-շատերի անունները մնացել են բանկերի «սև ցուցակներում»,-հավելեց մեր զրուցակիցը։
Մարգարիտի ամուսինն այժմ թղթեր է ձևակերպում, որ շարունակի իր ծառայությունը ՀՀ զինված ուժերում, որպեսզի կարողանան պետության բնակապահովման ծրագրից օգտվել հավելյալ վարկավորմամբ։
Հունան Թադևոսյան