«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում, ՆԳ նախարարի «այցեքարտը». Մամուլը՝ սուրճով

«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում, ՆԳ նախարարի «այցեքարտը».  Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․   

Կառավարությունն այսօր կմերժի Հովիկ Աղազարյանի՝ Ընտրական օրենսգրքում առաջարկած փոփոխության նախագիծը, որով նա առաջարկում էր, որ քվեարկության ժամանակ ընտրողը թիկունքով դեպի ոչ թե պատը կանգնի, այլ՝ հանձնաժողովին, որպեսզի տեսնեն՝ արդյո՞ք նա լուսանկարում է քվեաթերթիկը:

«Գտնում ենք, որ առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 7-րդ եւ ԸՕ 6-րդ հոդվածներով երաշխավորված քվեարկության գաղտնիության սկզբունքի համատեքստում: ՀՀ-ում կիրառվող քվեախցիկների առկա կառուցվածքի պայմաններում ընտրողի քվեարկության գաղտնիությունն ապահովվում է միայն այն դիրքով, որը սահմանված է ԸՕ 58-րդ հոդվածի 3-րդ մասով, քանի որ քվեախցիկում գտնվելիս ընտրողի կամարտահայտման ակտը կարող է վտանգվել միայն թիկունքից, քանզի ընտրողի աջ եւ ձախ կողմերից եւ դիմացից քվեախցիկի պատերն ապահովում են քվեարկության գաղտնիությունը։ Եթե հնարավորություն տրվի՝ թիկունքից դիտելու քվեարկելու ընթացքը, ուղղակիորեն կխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հետեւաբար, քվեախցիկի դիրքի փոփոխության դեպքում կիմաստազրկվի քվեախցիկների տեղադրման պահանջը»,- նշված է կառավարության մերժման մեջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչեւ շարքային պատգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար. նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցաում կրկին տեղ զբաղեցնելն է: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջիններս կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ այլեւս նպատակահարմար չէ նրանց հետ ճանապարհ գնալ: Ու դա ակնհայտ երեւում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը պաշտպանելու համար:

Վերջիններս ցանկացած ընդդիմադիրի քննադատությանը բուռն են արձագանքում, փողոցային վարքով են հանդես գալիս, ելույթներում վիրավորում են բոլորին: Թեժ պայքարի մեջ է մտել նաեւ երբեմնի նախարար Արսեն Թորոսյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի աչքի փուշն էր դարձել, անգամ նպատակ կար նրան կալանավորելու, բայց հիմա նույնիսկ հայհոյանքներ է հնչեցնում թիվ մեկ ամբիոնից՝ միայն թե Փաշինյանի «աչքին երեւա»:

Եվ երեկ նրանք տասնյակներով գրավել էին ԱԺ ամբիոնը՝ սպառնալով ու վիրավորելով Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններին, միայն այն բանի համար, որ Լեւոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը, մարդկանց ուշադրությունը հրավիրեց՝ նկատելու, որ Փաշինյանը «համբալ» բառով վիրավորել էր իր ընդդիմադիր գործընկերներին, բայց նկատեց՝ «Երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, Դուք տեսե՞լ եք այդ տեսանյութը, հիմա ո՞վ ա «համբալ»»: Լեւոն Քոչարյանը հակադարձեց նաեւ Ալեն Սիմոնյանին՝ ասելով՝ որ վերեւից շպրտի, ցավոտ կլինի: Երեկ ԱԺ-ում «20-ը մեկի դեմ» արշավ էր՝ կեղտոտ, ցածրորակ եւ վիրավորանքներով ու սպառնալիքներվ լի»:

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի վերջին Երևանում տեղի ունեցան Արցախի Հանրապետությունից բռնագաղթված մեր հայրենակիցների բողոքի ցույցերը, որոնց նպատակն էր ՀՀ կառավարության առջև բարձրաձայնել մի շարք պահանջներ։ Ցուցարարները կառավարությունից պահանջել են ապահովել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, հասնել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց բախվել են հայ փախստականներն, ու պահանջել են կառավարությունից ստիպել Ադրբեջանին պահպանել հայկական մշակութային ժառանգությունը կորսված տարածքներում։

Թեմային անդրադառնալով և կառավարության իր աղբյուրին հղում տալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին արցախցիների անսպասելի բողոքի ակցիաներին. «ՀՀ վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են հնարավոր քայլերը՝ արցախցի փախստականների դժգոհությունը մեղմելու համար։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը պետք է սկսել ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության իրավական և փաստացի փակման գործընթացից, քանի որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում պետության գոյությանը։ Ներկաներն աջակցել են Փաշինյանի առաջարկին, ինչպես նաև կիսվել են իրենց մտքերով այդ խնդրի շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկաները զարմացած էին, քանի որ այդ հարցի քննարկմանն ակտիվ մասնակցում էր նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նմանատիպ խորհրդակցությունների ընթացքում նա հիմնականում լռում է և համաձայնում է մեծամասնության կարծիքի հետ։

Սակայն այդ հանդիպմանը ՆԳ նախարարն առաջարկել է իր ծրագիրը՝ երկրում իրավիճակի կայունացման հետ կապված։ Սարգսյանը նշել է, որ Արցախի ներկայացուցչության փակումը պետք է իրականացնել աստիճանաբար։ Առաջին հերթին պետք է ԶԼՄ-ների միջոցով հասնել լայն լուսաբանմանն այն գործընթացի, թե իբր կառավարությունը հետաքրքրված է փախստականների սոցիալական խնդիրների լուծմամբ։

Նախատեսվում է օգտագործել նաև ցուցարարների այն առաջնորդներին, որոնք առաջ են շարժվում ոչ թե քաղաքական հետաքրքրություններով, այլ բացառապես սոցիալական։ Նախարարը պնդել է, որ այդ կերպ հնարավոր կլինի լիցքաթափել ներքաղաքական լարվածությունն ու նախընտրական շրջանում իշխող ուժի կողմը գրավել ընտրողներին։

Դրան զուգահեռ՝ նրա ղեկավարած նախարարությունը շարունակելու է առգրավել ներկայացուցչության բալանսում և պաշտոնական փաստաթղթերում առկա ավտոմեքենաները։ Այսպիսով, ՀՀ-ում վերանալու է Արցախի Հանրապետության մասին իրավական որևէ հիշատակում։ Դա թույլ կտա դատարանին՝ այդ կառույցի հետագա գործունեությունը ՀՀ տարածքում ճանաչել անօրինական և սկսել քաղաքականապես «առավել ակտիվ» գործիչների դեմ քրեական հետապնդումները։

Արփինե Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ իրավիճակի կտրուկ լարման և խաղաղ ցույցերը հեղափոխական անվերահսկելի շարժումների վերածվելու պարագայում ՆԳՆ ստորաբաժանումները կկարողանան ճնշել հնարավոր ապստամբությունը։ Նա տեղեկություններ է ներկայացրել ցույցերը ուժով ցրելու համար նախատեսված նոր տեխնիկական միջոցների գնման մասին, այդ թվում՝ հատուկ բարիկադների, ձերբակալվածների համար նախատեսված ֆուրգոնների, ոստիկանական դրոնների, ձայնային նռնակների, ռետինե մահակների վերաբերյալ։ Սարգսյանը հավելել է, որ ոստիկանական գվարդիայի ձևավորման գործընթացը մտնում է ավարտական փուլ։ Նրա խոսքով, ՆԳՆ-ն պատրաստվում է ուժային մեթոդներ կիրառել Արցախի Հանրապետության ներկայացուցչության անդամների, ցուցարարների և նրանց աջակցող քաղաքացիների նկատմամբ, եթե նրանք դիմադրություն ցույց տան ոստիկանությանը։ Լսելով նախարարի զեկույցը՝ Փաշինյանը պաշտպանել է նրա առաջարկությունը և հրահանգել է կյանքի կոչել այդ միջոցառումները՝ հատուկ շեշտելով, որ ամեն ինչ պետք է անել իշխանափոխություն թույլ չտալու համար»։

Այսպիսով, ըստ ալիքի հեղինակնեևրի, նախարար Սարգսյանի առաջ քաշած ծրագիրը պոպուլիզմի հերթական դրսևորումն է՝առկա ներքին խնդիրների ֆոնին. «Առաջարկելով բռնագաղթվածների ուշադրությունը շեղել տեղեկատվական աղմուկով՝ ՆԳ նախարարը կրկնօրինակում է Փաշինյանի հռետորաբանությունը։ Ճգնաժամի բուն պատճառները լուծելու փոխարեն, ստեղծվում է ծխածածկույթ իրական գործողությունների շուրջ, որոնց նպատակը չհիմնավորված ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների կիրառումն է՝ ի շահ իշխող էլիտաների։ Կարևոր է նշել, որ ՆԳ նախարարի գործողություններն իրենց մեջ կարող են ունենալ նաև այլ պատճառ։ Բռնագաղթվածների խնդիրների արագ լուծումն՝ ի շահ կառավարության, այդ թվում՝ ուժի կիրառմամբ, կարող է դառնալ Արփինե Սարգսյանի «այցեքարտը» և թույլ կտա նրան աչքի ընկնել վարչապետի մոտ՝ այլ պաշտոնյաների ֆոնին։ Այդ սցենարը լուրջ խթան կհանդիսանա նախարարի ամբիցիաների բավարարման համար»։

Ի հավելում՝ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության շրջանում ՆԳՆ-ն, ի տարբերություն այլ ինստիտուտների, վայելում է բարձր աջակցություն, Սարգսյանը կարող է ապագայում իրական մրցակից դառնալ քաղաքական վերնախավին։