Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այս մասին Mediahub.am-ը տեղեկացավ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։
Հիշեցնենք, որ 2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ եւ Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։
Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին եւ անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։
47-ամյա կինը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։