ՔՊ-ականները պետք է բացահայտեն, թե ինչ են քննարկում «կիրթ» Ալիևի հետ

ՔՊ-ականները պետք է բացահայտեն, թե ինչ են քննարկում «կիրթ» Ալիևի հետ

Կան տարաձայնություններ Բաքվի հետ, դրա համար էլ բանակցություններ են ընթանում: Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության ձգտող քաղաքական խմբակը՝ ՔՊ-ականները ցանկանում են ամեն գնով հասնել խաղաղության՝ ՀՀ ու Արցախը ոչնչացնելու պատրաստ Բաքվի հետ: Ալիևին կիրթ անվանած թիմից այլ բան ակնկալելը կլիներ քաղաքական կարճատեսություն:

Ինչ տարաձայնություններ ունի Արմեն Գրիգորյանը Իլհամ Ալիևի և Ադրբեջանի հետ՝ միայն նրան է հայտնի: Ալիևը Երևանն ու Սյունիքը համարում է «ադրբեջանական տարածքներ»՝ Արցախը ՝Ադրբեջանի «անբաժանելի մաս»: Որտեղ են Արմեն Գրիգորյանի և ՔՊ-ականների խմբակի տարաձայնություններն Ալիևի հետ, որտեղ են նրանք պատրաստ գնալ փոխզիջումների: Արցախի կարգավիճակի, Սյունիքի պատկանելիության մասով ՔՊ-ն ունի տարաձայնություններ հակառակորդ պետության ղեկավարի հետ՝ ում հրամանով ամենադաժան ձևով սպանվել են հազարավոր հայ զինվորներ, Արցախի խաղաղ բնակչություն, իսկ Բաքվի բանտերում պահվում են հարյուրավոր հայ գերիներ:

ՔՊ-ականները չեն բարձրացնում հայ գերիների հարցը,  ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական դիրքերի, զորքերի հեռացման հարցը, թե ինչ են քննարկում փակ դռների հետևում ՔՊ-ականներն ու ադրբեջանական իշխանությունները՝ գաղտնի է պահվում հայ ժողովրդից, ինչպես գաղտնի պահվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը: ՔՊ-ականների հեռացմամբ միայն հնարավոր է հակադարձել Ալիևի հակահայ քաղաքականությանն ու թույլ չտալ Արցախի վերջնական հայաթափում: Ընդդիմության պայքարը պետք է նոր թափ հավաքի՝ գործող իշխանությունները խուճապի են մատնվում, երբ հազարավոր քաղաքացիներ են տեսնում երևանյան փողոցներում ու հրապարակներում:

Վահրամ Բագրատյան