Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը. Արմեն Աշոտյան

Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Անահիտ Մարտիրոսյանը նրան հարցրել է.

«Սրբազան պայքարը հայտարարում է, որ ավելի ընդլայնված է լինելու: Իրատեսակա՞ն եք համարում»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ես իրատեսական եմ համարում Հայաստանի կործանումը կանխելու վերջնական հնարավորությունը: Չեմ հավատում, որ 5000 տարվա ընթացքում չվերացած ազգը կարող է հեռանալ պատմաքաղաքական ասպարեզից, այն էլ՝ այսպիսի անփառունակ, խայտառակ, անպատիվ կերպով: Եթե ինքնասպաններին, ըստ կրոնական ավանդույթի, հուղարկավորում էին եկեղեցական գերեզմանատներից դուրս, ապա պատկերացրեք, թե պատմության ինչպիսի դժոխքում կհայտնվի զանգվածային ինքնաոչնչացում գործող մի ամբողջ ժողովուրդ, եթե վերջապես ուշքի չգա:

Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, ապա այն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը: Այս պայքարի ընթացքում մարդկանց դժգոհությունը երկրի և քաղաքացիների աղետալի վիճակից ո՛չ մաշվել է, ո՛չ փարատվել, ո՛չ էլ անհետացել: Հակառակը, Հայաստանի շարունակվող կազմաքանդումը, ոստիկանական վայրագությունները միայն ավելացրել են ըմբոստության էներգիան»: