Փաշինյանի հետ սելֆիից՝ ՔԿ նախագահի տեղակալ, Ինչո՞ւ Արփի Դավոյանի՝ նախարար դառնալու «մուրազը փորը մնաց»․ Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Իսկ ինչ է տեղի ունեցել ՔՊ-ում, լավատեղյակ աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում:
Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան:
Համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ, ըստ որոշ շշուկների, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չի պնդել, որ նախարար պետք է նշանակվի իր ընկերուհին՝ մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Բայց բանն այն է, որ Ջուլհակյանն ունի տնտեսագիտական կրթություն, իսկ իրավաբանության հետ կապ ունի այնքանով, որ մի քանի դասընթացի է մասնակցել ու դարձել իրավաբան ու իրավապաշտպան՝ սորոսական տարբեր կազմակերպություններում:
Հետեւապես, նրան նշանակելը լրիվ անտրամաբանական կլիներ, իսկ չնշանակելը՝ վտանգավոր: Այո՛, վտանգավոր էր աթոռի համար մրցակցության մեջ դնել Ջուլհակյանին եւ Դավոյանին, որովհետեւ Դավոյանի նշանակվելու դեպքում՝ գուցե Ջուլհակյանը սկսեր «երգել»:
Չար լեզուներն ասում են, թե նույն Ջուլհակյանը լուրջ տեղեկատվության է տիրապետում Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ, ընդհուպ ինչ-ինչ կանխիկ ֆինանսների շրջանառության:
Այնպես որ, Ջուլհակյանին չնեղացնելը Փաշինյանի ընտանիքում չգրված օրենք է: Դրա համար էլ ՔՊ վարչությունը երեկ ընտրեց այն տարբերակը, որով, ինչպես ասում են՝ «ոչ շիշը վառվի, ո՛չ` քյաբաբը»: Արդյունքում ո՛չ Դավոյան Արփին կնստի արդարադատության նախարարի աթոռին, ո՛չ էլ Ջուլհակյան Արուսյակ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած քննիչին առաջիկայում բարձր պաշտոնի կնշանակեն: Մասնավորապես, ըստ համակարգում տարածված լուրերի, վարչապետի հետ սելֆի արած քննիչին նշանակելու են քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաեւ մի շարք հայեցողական եւ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգեւատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։
Պարգեւատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է:
Այո՛, նա նույն քննիչն է, որի հետ դեռեւս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը հարցաքննության սենյակում սելֆի արեց ու այն հրապարակեց՝ նշելով. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է ու պատասխանում է նրա հարցերին»: Եվ հիմա նույն քննիչին բարձր պաշտոնի են տանում»։