Եթե Սեյրան Օհանյանն ընդուներ իր մեղքը, ի՞նչ տեղի կունենար․ Աղազարյանը՝ դատախազին

ԱԺ քառօրյայի առաջին նիստի օրակարգում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցն էր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե այն տարածքները, որոնք օտարվել են պետությունից և եղել են զորամասեր այսօր ում են պատկանում։

Վարդապետյանը պատասխանեց․

«Էդգար Արշակյանին և Արմեն Հակոբյանի հետ փոխկապակվցած Նորայր Կարապետյանին։ Գրիգորի Խաչատուրովին փաստացի պատկանող գույքը գրավադրված է, Նորայր Կարապետյանինը իր անունով է»։

Աղազարյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ տեղի կունենար, եթե Սեյրան Օհանյանն իր մեղքն ընդուներ և խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, Գլխավոր դատախազն արձագանաքեց․

«Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում արդեն այլ անձնանց վերաբերյալ, քանի որ այստեղ միայն մեկ անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ»։

Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացրեց միջնորդություն, մասնավորապես նշելով, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականին ընդունած որոշումներով՝ անհատույց, մշտական օգտագործման իրավունքով, ՊՆ-ին անհատույց տրամադրվել են Արմաշ համայնքի 1,2 հա մակերեսով և 0,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասերը։

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել նյութեր առ այն, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ նշյալ հողատարածքներն ծառայեցրել է անձնական ու խմբային շահերին։

Մանրամասները՝ տեսանյութում