Հաշված օրեր՝ Փաշինյանի կառավարությանը, Բաբայանի երևանյան կուրատորները․ Մամուլը՝ սուրճով

Հաշված օրեր՝ Փաշինյանի կառավարությանը, Բաբայանի երևանյան կուրատորները․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ժամը 12- ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը սահմանամերձ Կոռնիձոր համայնքում նախատեսում է անցկացնել հավաք՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով։

ՀԿ-ն կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ «ոտքի և տեր կանգնել վտանգված Արցախին, մեր իրավունքներին, ուղղելու մեր մեջքը, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, որպեսզի ցույց տանք ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, որ ցանկանում են իրեն պարտադրել»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ շարժման նոր սկիզբ:

Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին քաղաքական մի շարք ուժերի միջև ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում՝ հակաիշխանական հուժկու հանրահավաքներ անցկացնելու հարցով։ Հիմնական պահանջներն են լինելու՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու բրյուսել յան գործընթացի կասեցում և Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ճգնաժամի խորացմանը, Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել։ Այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսով հանդես է գալու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հայտարարելով նոր ճակատի մասին։

Օրերս գրել էինք, որ Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ԱԺ 4 ուժերի մասնակցությամբ «Արցախի փրկության ծրագիր» է մշակվել, որը 1 ամիս առաջ ներկայացվել է Անվտանգության խորհրդին եւ նախագահին, իսկ մայիսի 9-ի հանրահավաքում Վարդանյանը Հարությունյանին վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ իրագործեք ծրագիրը, կա՛մ մենք կիրականացնենք։

Ասուլիսին եւս 4 հոգի են մասնակցելու՝ նախաձեռնության ակտիվիստները, սակայն ԱԺ ուժերի ներկայացուցիչները չեն լինի, նախ՝ քանի որ այսօր սկսվում են ԱԺ նիստերը, ապա՝ որպեսզի այն չդիտարկվի որպես քաղաքական նոր կոալիցիայի մեկնարկ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Արցախում ներքաղաքական կյանքը Սամվել Բաբայանի հանրահավաքից հետո փոթորկվել է: Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ:

Այլ կերպ ասած, Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը Բաբայանի երեւանյան կուրատորներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բաբայանը խժդժություններ անում Արցախում: Նկատենք, որ հանրահավաքը Արցախում կայացավ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը ճանաչեց խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, սակայն Սամվել Բաբայանն այդ մասին ոչինչ չասաց: Նա միայն հայտնեց, թե դա Հայաստանի իրավունքն է, մենք պիտի մեր անելիքներն իմանանք, սակայն իրականում հանրահավաքով գոլորշի բաց թողեց, որ դժգոհությունը պարպվի եւ շեղվի Փաշինյանի վրայից։

Հիմա Արցախում բոլորը շունչները պահած սպասում են նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը՝ կնշանակի արդյոք Բաբայանին պետնախարարի պաշտոնում, թե ոչ: Արցախի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանի ճնշման ներքո Հարությունյանը կգնա այդ քայլին, որքան էլ որ իր սրտով չլինի, բայց եւ անհավանական են համարում Բաբայանին այս փուլում այդ բարձր պաշտոնը վստահելը:

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի նախագահը որոշել է համաներում հայտարարել` նախագիծն արդեն խորհրդարան է ուղարկվել։ «Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2023 թ. ապրիլի 1-ը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Որի անհրաժեշտությունը միտված է «հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետեւանքները որոշ չափով մեղմացնելուն»: Համաներումը նվիրվում է արցախյան շարժման 35-ամյակին եւ տարածվելու է ավելի քան 100 մարդու վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն առաջարկել է նախագծից հանել պետական պաշտոնյաներին առնչվող  հանցագործությունները, որոնք պետությանը պատճառել են առավել խոշոր չափի՝ առնվազն 3 մլն դրամի վնաս։ Չնայած նախագիծը սահմանում է պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, ապա նոր՝ ներում: Գալստյանն ասում է, որ դա նախադեպ կդառնա` պաշտոնյաները կարող են անխնա յուրացնել պետական միջոցները՝ հաշվարկով, որ եթե անգամ բռնվեն, համաներման տակ կընկնեն։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշված օրեր են մնացել՝ վճռելու, թե ինչպես վարվել Միջազգային քրեական դատարանին անդամակցության, այսինքն` Հռոմի ստատուտի հետ։

Համենայնդեպս, երեկվա դրությամբ համաձայնագիրն ԱԺ չէր ուղարկվել, ինչի մասին պաշտոնապես հայտնեցին խորհրդարանից, թեպետ եկող շաբաթ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ ՀՀ կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը՝ եռամսյա ժամկետում:

Այսինքն՝ մայիսի 23-ը վերջնաժամկետն է, եւ համաձայնագիրը պետք է ընդունվի կամ մերժվի ՀՀ ԱԺ-ի կողմից։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այդ դատարանում, այլեւ պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ տարեսկզբին միջազգային դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։

ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից կոշտ արձագանքներ հնչեցին։ Նպատակահարմա՞ր է արդյոք այժմ այդ համաձայնագրի վավերացումը՝ երեկ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ «Ճիշտն ասած՝ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ քաղաքական դաշտն այսօր այնքան հրահեղուկ է, որ պատկերացնելու չէ, որովհետեւ մենք չգիտենք՝ մի քանի օր հետո իրավիճակը ոնց կփոխվի, հիմա աշխարհաքաղաքական այնպիսի մեծ տեղաշարժեր են լինում, որ դրանց հետեւից հասնելն ուղղակի անհնար է, ուր մնաց՝ դրանցից առաջ անցնես»։