Կվերականգնվի՞ Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Կվերականգնվի՞ Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ստորագրումից երեք օր անց Հայաստանի կառավարությունը երեկ հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը: 

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ 

Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ 

«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», - նշված է Հայաստանի կառավարության երեկ հրապարակած փաստաթղթում։ 

Գլխավոր հարցն այն է, թե՞ արդյոք այս փաստաթուղթը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Իշխանության ներկայացուցիչները լռում են կամ հարցին հստակ պատասխան չեն տալիս, իշխանամերձ փորձագետները խոսում են ինչ-որ դիվանագիտական հաղթանակի մասին՝ առանց ռեալիստական որևէ հիմքի:

Իսկ իրականությունն այն է, որ Ալմաթին ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային որևէ նկարագիր, ըստ այդմ՝ Բաքուն մանևրելու մեծ հնարավորություն ունի և տարբեր սահմանահատվածներում բերելու է իրեն ձեռնտու «իրավական» հիմքեր՝ շանտաժի և հարկադրանքի քաղաքականությամբ: 

Մյուս կողմից, ինչպես նշված է կանոնակարգում, նույնիսկ Ալմաթիի հռչակագիրը հետագայում կարող է փոխարինվել այլ հիմքով:

Վահրամ Բագրատյան