Հայ ֆերմերները դժգոհ են ՀՀ-ում Իրանի դեսպանից

Իրանի քաղաքացի Յուսեֆ Խադամուրադին խաբել է գառի մսի առևտրով զբաղվող Հայաստանի մի շարք քաղաքացիների։ Արմավիրի մարզի բնակիչ Յուրիկ Թամոյանը MediaHub-ին պատմեց, որ այս պահին մոտ 150 հոգի հավաքվել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան շենքի մոտ, որպեսզի իրենց վրդովմունքը հայտնեն դեսպանին։
Յուրիկի խոսքով՝ Մեհդի Սոբհանին ևս կապ ունի կատարվածի հետ։
«Յուսեֆի հետ պայմանավորվել ենք միսն արտահանել դեպի Իրան։ Նույնիսկ շուկայական գնից մի քիչ ավելի հարմար գնով ենք տվել։ Առաջին խմբաքանակի համար վճարել է ինչպես պայմանավորվել ենք։ Հաջորդին ասաց՝ «Միլիթ» բանկն այս պահին փակ է, «սարաֆով» չեմ կարա ուղարկեմ», ասացինք ոչինչ, մյուս բեռը ուղարկելուց կփոխանցես։ Այս անգամ վճարեց ամբողջ գումարի մի մասը։ Հետո, երբ արդեն սկսեց ուշացնել, ձգձգել՝ մենք դիմեցինք ՀՀ-ում Իրանի դեսպանին»,- պատմեց Յուրիկ Թամոյանը։
Հայ ֆերմերներին ասել են, որ Յուսեֆ Խադամուրադին հիմա անազատության մեջ է, նա 2019 թվականից հետախուզվում է։
ՀՀ քաղաքացիներն իրենց խաբված են համարում անգամ սեպտեմբերին դեսպանի հետ հանդիպելուց հետո։ Վերջինս խոստացել էր հարցը կարգավորել, բայց հետո, ըստ մսավաճառի՝ դեսպանն է սկսել այդ միսը գնել ու նա էլ Յուսեֆի պես գումարը մասամբ է վճարել:
«Երբ պայմանավորվել ենք սկսել մորթը, ստացել ենք իրենց համաձայնությունը։ Բայց մի քանի օր հետո դեսպանը մարդիկ է ուղարկել սպանդանոց՝ Պետրոս անունով մի ջահել տղայի հետ, որը թարգմանիչ էր։ Ասացին՝ «եթե միսը մնա էսպես կփչանա։ Բերեք 10 միլիոն դրամով պայմանավորվենք, գնենք»: Ընդհանուր 42 միլիոն ապրանքը ուզում էին գնել 10 միլիոնով։ Մենք էլ ասացինք՝ «մի՛ թալանեք մեր ժողովրդին»»։
Մերզ զրուցակիցը նշեց, որ խոսքն ընդհանուր 600 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Տուժել է 9 քաղաքացի։
Հունան Թադևոսյան