Ինչու է իշխանությունն ուզում բանտարկել Պատրոն Դավիթին, ո՞ր շուկան կփակվի հաջորդը․ Մամուլը՝ սուրճով

Ինչու է իշխանությունն ուզում բանտարկել Պատրոն Դավիթին, ո՞ր շուկան կփակվի հաջորդը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ դատարանը Պատրոն Դավիթին` զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորեց: Նախնական տեղեկություններով, մեղադրանքը վերաբերում է անպիտան հրթիռների քրգործին, որտեղ հիմնական մեղադրյալը Սեյրան Օհանյանն է, ում փորձելու են փետրվարի 7-ի ԱԺ նիստում զրկել անձեռնմխելիությունից: Թերեւս, ՀՀ իշխանությունն այլեւս զինվելու խնդիր չի դնում, այլ թշնամուն չզայրացնելու համար որոշել է ոչ միայն զենքի ներկրումից հրաժարվել, այլեւ Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել, որ խաղաղության ցանկալի օրակարգն իրականություն դառնա:

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։ Ըստ մամուլում հրապարակված տվյալների (2017 թվականին այդ մասին գրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»), այս ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Արսենյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու ու նրա գործողությունների մասով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչեւ ՊՆ գեներալների: Տեղեկացանք, որ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է ՊՆ պաշտոնյաների ներգրավվածությունը: Գրել էինք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվելու է, քանի որ ԱԱԾ-Ն բացահայտումներ է արել նրա ՍՊԸ-ի կողմից միլիարդների չարաշահումների մասով:

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին ՔՊ խմբակցության դռնփակ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ իշխանական պատգամավորների կարգապահական հարցերը։ ՔՊ ղեկավարությունը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանն օրենսդիրների համար վերածվել է ժամանցի վայրի․ երբ ուզում են` գալիս են նիստերին, երբ չեն ուզում՝ չեն գալիս, հորդորել են պատշաճ ներկայություն ապահովել, հակառակ պարագայում` հիմնավորել բացակայությունները, առավել զգույշ լինել հրապարակային հայտարարություններում, քանի որ հանրային դժգոհությունները գնալով աճում են, ու ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է մեծ կրքեր բորբոքել։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը եւ ՔՊ-ի դիրքորոշմանը, խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ հարցին չեն անդրադարձել եւ հրահանգ էլ չեն ստացել: Այդ մասին` հաջորդ դասին։ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի եւ խափանման միջոցի հարցը: Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ նա դեռ բուժման մեջ է, սակայն վերոնշյալ հանգամանքը հաշվի առնվել է, եւ առաջիկայում սպայի մասով կոնկրետ քայլեր կիրականացվեն: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպան հարցաքննվել է, իսկ թե ինչ է նա պատմել իրավապահներին, կներկայացնենք առաջիկայում:

«Հրապարակ» թերթը գրում է.

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, առավոտվանից ուժայինների հետ կայցելի տոնավաճառ, որպեսզի կազմակերպեն տոնավաճառի փակման գործընթացը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 500 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը․ Մալաթիայի հագուստի շուկայում 550 տաղավար է գործում։

ՔՀՏԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ տնտեսվարողը հակահրդեհային կանոնների արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ներկայանում է աշխատանքի, նստում համակարգչի առջեւ, ծանոթանում նորություններին, սրճում եւ հեռանում կամ լավագույն դեպքում ցուցանիշ ապահովելու համար իմիտացիա է անում: Այդ կառույցի լիազորությունների մեջ է մտնում ընդերքի վերահսկողությունը, բայց հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող եւ զննող մասնագետ չկա վերահսկողական այդ կառույցում։

Տեսչական մարմնի երկու կարեւորագույն բաժիններում (Ընդերքի վերահսկողության վարչություն եւ Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժին) մասնագետներ չկան, իսկ եղած 1-2 աշխատակիցներն էլ մանկավարժ են կամ «ֆիզկուլտուրնիկ», որոնք հանքի եւ հողի շերտերի մասնագիտական գիտելիքներ չունեն։ Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բացն է. նա է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ -ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:

Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ԱԳՆ ռուսական կողմի այս հայտարարության հետ կապված որեւէ արձագանք ստանալու համար: Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տվել են խուսափողական պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը արդեն իսկ հանրայնորեն իր դիրքորոշումը ներկայացրել է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 31-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտե է այցելել, ու, ըստ կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Փաշինյանը կոմիտե այցելել է կառույցի 2022-ի գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրները հուշում են, սակայն, որ նախարարություններ այցելելուց ու կատարողականին ծանոթանալուց հետո Փաշինյանն այժմ էլ որոշել է պետական բոլոր տեսակի (սկսած ամենափոքրից) գերատեսչություններով անցնել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում դրանց ներսում: Գործադրի մեր աղբյուրները փոխանցում են՝ բանն այն է, որ Փաշինյանը մտադիր է գլխիվայր փոխել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավար-աշխատակիցներին, հետեւաբար որոշել է անձամբ շրջել ու հասկանալ, թե որտեղ ինչ է կատարվում: «Իսկ հասկանալու լավագույն ձեւը սեփական աչքով տեսնելն է, թե որ գերատեսչության ղեկավարը կամ աշխատակիցն իրեն ինչպես է դրսեւորում, պատրաստված է, թե ոչ, որտեղ է թերանում եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ՝ Փաշինյանը, որ, դեռեւս նախորդ տարեվերջից սկսած, նախարարություններ էր այցելում ու հաշվետվություններ լսում, մի շարք նախարարների անակնկալի է բերել՝ ասելով, որ վերջիններս իրեն ոչ թե արած աշխատանքները ներկայացնեն ու գլուխ գովեն, այլ խոսեն պլանավորած ու չիրականացրած աշխատանքներից: Չի բացառվում՝ առաջիկայում կառավարության ենթակայության տակ գտնվող ամենատարբեր օղակներում նոր տեղաշարժեր լինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ են կատարվելու։ Օրինակ՝ դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 400 հազար դրամից 1 մլն դրամի չափով, դեղատներում սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ հետ վերցնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20.000 դրամից 30.000 դրամի չափով:

Նշենք, որ գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը չհաշվառելու դեպքում տուգանքի չափը կկազմի 50 հազար դրամից մինչեւ 130 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎԻՎ օրենսգրքում այս լրացումները կատարելու վերաբերյալ առաջարկի հեղինակը վարչապետի աշխատակազմն է։ Բանն այն է, որ առողջապահության բնագավառում «Հոգեբուժական օգնության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Գովազդի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքում նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները:

Տեղեկացանք, որ իշխող խմբակցությունն էլ թեեւ հաճախակի քննարկումներ է անցկացնում ՄԻՊ թեկնածուների մասով, սակայն դեռ չունի ՄԻՊ թեկնածու, որը կլինի պրոֆեսիոնալ, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: Տեղեկացանք, որ երեկվա փակ քննարկմանը նույնպես անդրադարձ է եղել ՄԻՊ-ի հարցին, բայց թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել իշխանական պատգամավորները:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

ՄԻՊ առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները, իսկ նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն. ստացվում է՝ ՀՀ նոր ՄԻՊ ընտրելու համար բավարար կլինեն միայն ՔՊ-ի ձայները:

«Իրավունք» թերթը գրում է.

«ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո տարբեր զորամասերի մի շարք սպաներ կամովին դիմում են ներկայացրել` ծառայության պայմանագրերը վաղաժամ դադարեցնելու համար:

Ըստ նույն աղբյուրների` ՊՆ-ում բավականին խուճապային տրամադրություններ են` հաշվի առնելով, որ չկան փոխարինող համապատասխան կադրեր: Ուստի փորձում են «լեզու գտնել» վերոնշյալ սպաների հետ: Թե ինչ հանգուցալուծում կգտնի վերը նշված իրավիճակը, դժվարանում են ասել անգամ ՊՆ բարձրաստիճան «հնաբնակները»: